Բավ է պառակտվել
28-02-2020 19:45

Կլինեն աղմկահարույց ձերբակալություններ․ ԱԱԾ պետ

«ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը,հավելելով որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը, խորհրդարանում։
ԱԱԾ տնօրենը նշեց բացի «Դիանա Գրիգորյան» ֆեյք էջի օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործից 3 քրեական գործ է հարուցվել այլ օգտատերերի դեմ:
«Իսկ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, ԱԱԾ-ի կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Ցանկացած՝ սատանիստական կամ այլ կրոնական շարժում, որը կվտանգի մեր ազգային անվտանգությունը, մենք կպայքարենք դրա դեմ:»,– ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։
Վերջինս հերքեց նաև համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում:
«Ցանկացած տեսանյութ կարող ենք վերցնել, կողքից այնպես անել, որ իբրև թե ադրբեջանցի է խոսում և հրապարակենք: Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի անունով հրապարակվել է: Մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չհամապատասխանող, դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կհանրայնացնենք»,- նշեց Մարտիրոսյանը:
Արձագանքելով հարցին, թե պաշտոնյաների նոր ձերբակալությունների պետք է սպասել, ԱԱԾ տնօրենը նշեց ««Եղել են ձերբակալություններ, կլինեն նորերը, ընթացիկ գործընթաց է: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Էդ շրջանակը կընդլայնվի, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ»:

 

 

Արմինե Գևորգյան