Բավ է պառակտվել
01-12-2020 14:41

Զանգելանում որոնողական աշխատանքներ կանե՞ն

Պայմանագրային և ՄՈԲ-ի համալրումով համալրված զինծառայողների ծնողները Էջմիածնի զորամասերից մեկի մոտ բողոքի ցույց են անում: Պատերազմի առաջին օրերին այս զորամասից 60 հոգի ռազմաճակատ է մեկնել, 34-ից առ այսօր տեղեկություն չկա: «Էս զորամասից են երեխաներին տարել ու տարել են իբրև հատուկ ջոկատայիններ, բայց սա քիմիկոսների զորամաս է, ինքը Հայաստանում միակն է այդպիսին ու իրենք չէին կարող այստեղից հատուկ ջոկատային տանել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց անհայտ կորածներից մեկի մայրը` հավելելով, որ նրանք նույնիսկ զրահաբաճկոն ու սաղավարտ չեն ունեցել, որովհետև իրենց հաստիքով չի տրամադրվում:

«Երեխեքին տարել են առանց զրահաբաճկոնի` հատուկ գործողություն կատարելու, էդ երեխեքը զոմբի՞ են, ի՞նչ են, թե՞ պիտի կրակեն՝ իրենց միջով փամփուշտը անցնի՝ ոչ մի բան չլինի՞»: Անհայտ կորածներից մեկի հայրն էլ տեղեկացրեց, որ 16 հոգի վերադարձել է, նրանց մեջ նաև հրամանատարներն են. «Իրենք վախեցած են՝ ոչ մի բան չեն պատմում: Ասում են` մենք իրավասու չենք, որ կարողանանք դուրս հանենք, մենք չենք կարա ոչ մի բան անենք, պետությունը պիտի անի»:
Զորամասի շտաբի պետ, կապիտան Կամո Մալխասյանը ցույց անող ծնողներին փոխանցեց, որ իրենցից կախված ամեն ինչ արել են բոլոր տվյալները ներկայացված են հանձնաժողովի նախագահին:

«Այս պահին էլ նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու են»։

Սակայն ծնողներից մեկը զայրացած նկատեց, որ սուտ են ասում։ «Զանգելանու՞մ. սուտ ես ասում, Կամո ջան, արդեն 42 օր է` ասում եք… Վաղարշակ Հարությունյա՞նն է նման տեղեկություն փոխանցել»։ Ի պատասխան կապիտանը նշեց, որ այսօր իրենց վարչության անդամների հետ է զրուցել անձնակազմի վերաբերյալ, նրանք տեղեկություն են տվել, որ նման որոշում կա, որ այսօր կամ վաղը կթույլատրեն աշխատել այդ հատվածում: Աշխատելու են Կարմիր խաչը ՊՆ անձնակազմի հետ միասին»:
Նա վստահեցրեց, որ Հայաստանից էլ են ներկայացուցիչներ լինելու: Տվյալ զորամասից մարդ կլինի՞ աշխատանքներում ընդգրկված` չի կարող ասել, քանի որ ԶՈՒ ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի հրամանով է դա կարգավորվում: «Եթե ցուցում լինի, որ զորամասից անձնակազմ մասնակցի` մեր հրամանատարությունը, մեր անձնակազմը լիովին պատրաստ է նման գործողության մասնակցելու»,- ասաց Կամո Մալխասյանը:

Արմինե Գևորգյան