Բավ է պառակտվել
25-04-2014 12:37

Բուլղարիայում վառվել է 1000 մոմ, որոնցով գրվել է ՛՛Ապրիլի 24՛՛. լուսանկարներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ապրիլի 23-ի երեկոյան սգո հանդիսությամբ սկսել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Քաղաքի «Երևան» այգում տեղադրված Խաչքարի մոտ հավաքված հայերն ու նրանց բուլղար բարեկամները իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերին, հաղորդում է «Կանթեղ Արարատյան» կայքը:

ՀՄԸՄ սկաուտները վառեցին մոտ 1000 մոմեր, որոնցով գրել էին «ԱՊՐԻԼ 24», իսկ այգում տեղադրված մեծ էկրանին մեկը մյուսի հետեւից ներկայացվում էին բոլոր այն հայ մտավորականների նկարները, ովքեր դարձան Հայոց ցեղասպանության առաջին ձերբակալված եւ սպանված նահատակները: Գրիգոր Զոհրաբ, Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Դանիել Վարուժան, Երուխան, Նազարեթ Տաղավարյան, Ռուբեն Զարդարյան … մեկը մյուսի հետեւից ներկայացնում էին հայ մտավորականության այն ծաղկեփունջը, որոնք անխնա կոտորվեցին:

Ներկաների մեջ էին Բուլղարիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՀԱԵ Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, Եվրոխորհրդարանի պատգամավոր տիար Անդրեյ Կովաչեւը, Բուլղարիայի փրկության Ազգային ճակատի անդամներ եւ այլոք:

Միջոցառման ավարտին ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղվեցին հայկական Խաչքարի առջեւ:

Ապրիլի 24-ին Սոֆիայի Հայկական տան առջեւից 35-ից ավելի ավտոմեքենաներ ծածանվող հայկական դրոշակներով ավտոերթով շարժվեցին դեպի Հայկական գերեզմանատուն, անցնելով թուրքական մզկիթի առջեւով: Ամբողջ ճանապարհին մեքենաները անդադար ազդնշաններով իրենց վրա էին հրավիրում պատահական անցորդների ուշադրությունը: Սա մի յուրօրինակ ձեւ էր, ցույց տալու համար, որ 99 տարի առաջ հայերի հանդեպ իրագործված հանցագործության հիշողությունը դեռ ողջ է:

Այնուհետեւ կարդացվեց Բուլղարիայի հայ համայնքի ուղերձը այսօրվա Թուրքիայի կառավարությանը, որում կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դրան հետեւեց Բուլղարիայում հայտնի թուրքագետ եւ քաղաքագետ Լյուբոմիր Ժելեւի խոսքը, ով ափսոսանք հայտնեց, որ Թուրքիան միչեւ հիմա ժխտում է իր նախնիների կողմից իրագործված հանցագործությունը: Նա հիշեցրեց ներկաներին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ինչպես Եվրոխորհրդարանի, այնպես էլ աշխարհի 23 երկրների կողմից: Հայտնի թուրքագետը ընդգծեց, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղ չունի Եվրոպական ընտանիքի մեջ:

Միջոցառումը ավարտվեց Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ»-ի բուլղարերեն թարգմանության արտասանությամբ, որին հետեւեց ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղումը հուշարձանին:

Պլովդիվի հայությունը ցույց տվեց, որ Էրդողանի կեղծավորությունը չի կարող կասեցնել հայերի պայքարը:

Պլովդիվ քաղաքում ապրիլի 24-ին տեղացող հորդառատ անձրեւը թույլ չտվեց շատ մեծահասակ հայերի միանալու բողոքի երթին, որը սկսվեց երեկոյան ժամը 19:00-ին քաղաքի Գլխավոր հրապարակից եւ որը առաջնորդում էր Պլովդիվի Սբ. Գեւորգ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:

Օրվա խորհուրդը հակիրճ ներկայացվելուց հետո, ՀՄԸՄ-ի երիտասարդները եւ հայ համայնքի ներկայացուցիչները երթով շարժվեցին դեպի Հայկական եկեղեցին՝ անցնելով Պլովդիվի Գլխավոր պողոտայով եւ Հին քաղաքի մարդաշատ փողոցներով: Նրանք իրեն ձեռքերում բռնած ունեին պաստառներ, որոնց վրա գրված էին «Քեսաբ՝ ցեղասպանությունը շարունակվում է», «Թուրքիա ճանաչի Ցեղասպանությունը», «Հիշեք ցեղասպանությունը» եւ այլ նմանատիպ կարգախոսներ: Ամբողջ երթի ընթացքում հայությանը ընկերակցում էին մի շարք պաշտոնատար անձինք:

Հայոց ցեղասպանության 99-րդ տալիցի միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սվետոսլավ Մալինովը, Բուլղարիայի Ազգային ժողովի փոխնախագահ Պավել Շոպովը, Պլովդիվի փոխքաղաքապետեր Գեորգի Թյություկովը եւ Կրասիմիր Ասենովը, Պլովդիվի ավագանու անդամ եւ նախկին քաղաքապետ Սպաս Գռնեւսկին, ավագանու անդամներ Դանիելա Կինովան, Գինյո Մատեւը, Կոնստանտին Գեորգիեւը եւ Յաչար Ասանը: Ներկա էին նաեւ մի շարք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Այնուհետեւ ներկաներին իրենց խոսքը ուղեցին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս տիար Եղիազար Ուզունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Պավել Շոպովը, ինչպես նաեւ Պլովդիվի նախկին քաղաքապետ Սպաս Գռնեւսկին, ով արտասանեց իր իսկ կողմից գրված մի բանաստեղծություն՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նա իր սրտաբուխ խոսքով ցույց տվեց, որ իր ողջ սրտով կիսում է եղբայրական հայ ժողովրդի մեծագույն ցավը: Հայերին իր եղբայրները անվանեց նաեւ Բուլղարիայում հայտնի պատմաբան Աթանաս Բոյաջիեւը, որը Նոր Բուլղարական Համալսարանի դասախոս է:

Միջոցառման ավարտին ներկաները վառված մոմերով եւ ջահերով գլուխ խոնարհեցին ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, որին հետեւեց ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղումը Խաչքարին: