Բավ է պառակտվել
02-03-2020 13:14

Բժշկական դիմակների և ախտահանող միջոցների գների կտրուկ աճ չի լինի. ՏՄՊՊՀ

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հետ կապված՝ կտրուկ աճել է բժշկական դիմակների պահանջարկը: Կան անհատներ, որոնք, առիթից օգտվելով, List.am-ում են դիմակներ առաջարկում՝ հատը 200-300 դրամով, լրագրողներին տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Անհատները ՏՄՊՊՀ-ի վերահսկողությունից դուրս են, հետևաբար նրանց դեմ կառույցը չի կարող միջոցներ իրականացնել, տեղեկացնում է ՏՄՊՊՀ ղեկավարը և կոչ է անում չդիմել չարաշահումների, ու հավաստում է, որ դիմակներ ներկրող խոշոր տնտեսվարողները աշխատում են մեծացնել ներկրման ծավալները և գնային կտրուկ փոփոխությունների չգնալ:
«Հայաստանից որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում, ընդ որում, արտահանումը տեղի է ունցել ոչ խոշոր վաճառողների կողմից, խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել», - ասաց նա։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորած դիմակներ։
«Խոշորների մոտ ևս կան որոշակի քանակի պահեստավորած դիմակներ», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է մեկ-երկու օրվա ընթացքում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները մեծ քանակությամբ սկսել են գնել ախտահանիչ նյութեր։
«Արտադրանքի ծավալները կմեծանան, սակայն գների կտրուկ բարձրացում չի լինի,- համոզված է Գեղամ Գևորգյանը: ՏՄՊՊՀ ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին՝ չարաշահումներից խուսափել, արհեստական դեֆիցիտ չստեղծել:

 

 

Արմինե Գևորգյան