Բավ է պառակտվել
05-01-2023 18:20

Charlie Hebdo-ն կոչ է արել օգնել հայերին. Հայաստանի և Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքը մոռացված է Ուկրաինայի պատերազմի պատճառով

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը կոչ է արել ընթերցողներին մոբիլիզացվել ի պաշտպանություն հայերի, որոնց մարդասիրական աղետ է սպառնում։

«Ուկրաինական պատերազմը ստիպել է մոռանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող սպառնալիքի մասին։ Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է մոբիլիզացվել ի պաշտպանություն հայերի։ Սա տագնապի ճիչ է և գործողության կոչ։ Ռուսաստանի հարձակմանը ենթարկված Ուկրաինային պաշտպանելու պարտավորություն ստանձնած ընթերցողներ, թույլ մի՛ տվեք, Կիևի պատերազմի ստվերում տեղի ունենա այն հանցագործությունը, որն «այսօր-վաղը կարող է հանգեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև հայ ժողովրդի անհետացմանը, որն արդեն հալածվել է 1915 թվականին»,- ասվում է հոդվածում։

Ամսագիրը հիշեցնում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ են հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին՝ Թուրքիան Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապելու աշխարհաքաղաքական ծրագրի իրականացման հարցում, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, ապա՝ Սյունիքը (մարզ հարավային Հայաստանում՝խմբ. )։