Բավ է պառակտվել
18-07-2019 11:26

Իջևանում անկարգություններից հետո ձերբակալվել է 13 մարդ

Նախօրեին Իջևանում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ոստիկանների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության կիրառման փաստերով։ Ինչպես տեղեկացրել են Քննչական կոմիտեի մամլո ծառայությունում, գործի շրջանակներում իրադարձություններին մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել 13 մարդ։

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News-ը, հուլիսի 17-ին, ժամը 18։00-ին ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման դեմ բողոքող մի խումբ անձիք փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա գտնվող Իջևանի քաղաքի Իջևանյան և Երևանյան փողոցների հատման խաչմերուկը։

Ժամը 20։30-ի շրջակայքում մի խումբ անձիք սկսել են կոպտորեն խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Իջևանի բնակիչների և ճանապարհային երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել են և հայհոյել, վնասել են հասարակական տրանսպորտի կանգառի մետաղական ծածկը, բռնություն կիրառել, կատարել այլ խուլիգանական գործողություններ։ Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը, որպես զենք օգտագործելով քարեր և մահակներ, սկսել են մարմնական վնասվածքներ հասցնել ոստիկանության աշխատակիցներին, և, արհամարելով նրանց օրինական պահանջը՝ դադարեցնել անօրինական գործողությունները, բռնություն են կիրառել նրանց նկատմամբ։

Այս փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Հայաստանի քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), ինչպես նաև 316-րդ հոդվածի 2-րդ մասի (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:

Կազմվել է քննչական պլան, կատարվել և կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննության շրջանակներում ձերբակալված 13 անձից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքաննության շրջանակներում տարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: