Բավ է պառակտվել
15-10-2016 12:34

Վթարված վտոբուսի վթարից 4 տուժածներ դեռևս Վլադիկավկազի հիվանդանոցում են

Հոկտեմբերի 15-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 4 քաղաքացիներ, որոնց վիճակը համեմատաբար ծանր է գնահատվում, շարունակում են բուժվել Վլադիկավկազի հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանը:

Հիվանդանոցում են Ժասմեն Հարությունյանը (1949թ.), Սմբատ Պողոսյանը (1990թ.), Հրանտ Բաղդասարյանը (1949թ.), Ավագ Ծատինյանը (1984թ.):

Արմեն Ցոլակյանի խոսքով՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 06:40-ին Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհի 8-րդ կմ-ում հայկական 50 АА 515 համարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, զոհեր եւ վիրավորներ կան: Դեպքի վայր են մեկնել ՌԴ ԱԻՆ փրկարարներն ու բժիշկներ: Պարզվել է, որ վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27 վիրավոր կա: Զոհերից 4-ը ՌԴ քաղաքացիներ են. 3-ը՝ ազգությամբ ռուս, ինչպես նաեւ հայուհի Արեւիկ Հունանյանը: Զոհվել է նաեւ ավտոբուսի վարորդը՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Պողոսյանը: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին՝ խնդրելով ՌԴ ԱԻՆ օդանավով Երեւան տեղափոխել տեղափոխման ենթակա վիրավորներին եւ մյուս ուղեւորներին: Հայաստանի ԱԻ նախարարի կարգադրությամբ, «Զվարթնոց» օդանավակայանում օպերատիվ խումբ է ստեղծվել: Ուղեւորներին եւ զոհվածի աճյունը փոխադրող օդանավը Երեւանում վայրէջք է կատարել հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամը 19:15-ին:

Երեւան ժամանած 11 քաղաքացիներ օդանավակայանից տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, 10-ին արդեն դուրս են գրել: Հիվանդանոցում է 1934 թվականին ծնված Վալյա Գեւորգյանը: Կինը միջին ծանրության վնասվածքներ ունի:

ԱԻՆ ներկայացուցչի տվյալներով՝ ավտոբուսում 51 մարդ է եղել, այդ թվում՝ 6 կին եւ 5 անչափահաս: Ուղեւորներից 8-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին (այդ թվում՝ զոհերից 4-ը):