Բավ է պառակտվել
27-01-2020 15:01

«Դա մեր սկզբունքներին դեմ է». ավագանու անդամը վայր դրեց մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել են վայր դնել ավագանու անդամի մանդատը: Այս մասին հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը: «Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին` հորդորեցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից: Նա համաձայնեց»,- ասաց Էյրամջյանը:

Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և փորձել հանրության ուշադրությունը գրավել նրա վրա՝ գրելով, թե էջը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկանն է։ Ուշագրավ է՝ թեեւ Հենրիկ Հարթենյանին թվացել է, որ նա տարածում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքյան հասցեն, իրականում պարզվել է` տարածվածը որեւէ կապ չունի նշված պաշտոնյայի եւ նրա ընտանիքի անդամի հետ։ Բայց դա ամենեւին չմեղմեց արարքի աստիճանը։ Հարթենյանը, ամեն դեպքում, ատելության խոսք տարածելու համար պատժի նախադեպ դարձավ։

 

Արմինե Գևորգյան