Բավ է պառակտվել
10-02-2021 17:51

Ինչ է կատարվում Ներքին Խնձորեսկում

Սյունիքի մարզ Ներքին Խնձորեսկում ադրբեջանական ոչ մի զորք չի մտել, բայց սահմանին զինվորականները կամաց–կամաց առաջ են գալիս։ Գյուղի կենտրոնից անգամ նրանց տեղադրած վրանները տեսանելի են։ Գյուղապետ Երվանդ Մալունցն ասում է, առաջին ընդհարումը եղավ անասնապահների հետ, երբ ադրբեջանցիները նրանց ասել էին, որ այս տարածքում անասուններին չարածեցնեն։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը սահմանազատման աշխատանքները իրականացարել է GPS համակարգի միջոցով, արդյունքում մեր հողատարածքներից որոշակի մաս մնացել է այն կողմում։ Համայնքի ղեկավարը դիմել է մարզպետարան, որպեսզի սահմանազատման աշխատանքներն իրականացվեն ոչ թե GPS համակարգի միջոցով, այլ քարտեզների։

«Ես պահանջել եմ, որ Խնձորեսկի ու Ներքին Խնձորեսկի կադարաստրային քարտեզը բերեն։ Առաջիկա օրերին իրենցից մարդիկ կգան, մենք էլ կգնանք ու ճշտումները կանենք որ պարզ լինի, թե ինչ է կատարվում, որ GPS–ը չի համապատասխանում մեր սահմանի հետ։ Մասնագետներն էլ թող գան, գնանք տեսնենք թե սահմանում ինչ է կատարվում»։
Ներքին Խնձորեսկը մինչև նոյեմբերի 9–ի համաձայանագրի ստորագրումը ադրբեջանական սահմանից գտնվում էր 130 կիլոմետր հեռավորության վրա։ Հիմա 200 մետր է։ Խնձորեսկում 460 ընտանիք է ապրում, իսկ Ներքին խնձորեսկում 36 տուն է։ Պատերազմից հետո Արցախից տեղահանված 4 ընտանիք է այստեղ հաստատվել։ Բնակիչները պատմում են, վերջին մի քանի օրերի ընթացքում հաճախ են այնտեղից ձայն տալիս` Ղարաբաղ-Ադրբեջան ։

«Դե վտանգավոր է տեսնել, բայց մեր գյուղն է, ուր պիտի գնանք»

Գյուղապետը սակայն նկատում է, որ գյուղում վախի մթնոլորտ չկա, բայց այնպես չի, որ նրանց ներկայությունը կարող ենք շատ հանգիստ ընդունել։
«Նորմալ ա էլի, դե միանգամից թշնամին գան հասնի ասենք պատիդ տակը։ Հին սերունդը ով տեսել է պատերազմը, դեռ ոչինչ, իսկ նոր սերունդը միանգամից անակնկալ է եղել։ Թշնամին գա 200 մետրի վրա, մարդիկ դե մի քիչ ծանր են տանում էլի»։
Գյուղում այժմ շատերն են զրկվել եկամտի աղբյուրից․ անասուններին արոտավայր չեն կարող տանել, արտերը ադրբեջանցիների աչքի աչքի առջև են։
«Ես վարկ եմ վերցրել, անասուն եմ առել հիմա չգիտեմ որտեղ եմ պահելու, ինչ եմ անելու։ Հետևաբար պտի ծախեմ գյուղից գնամ»։
«Հնարավոր է մեր անասունները անցնեն այն կողմ, մենք անասունների համար չեն գնալու կռվենք, չգիտենք ինչ կլինի»
Երեք պատերազմի մասնակից գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Սիմոն Բեգլարյանը հորդորում է բոլորին, որ խուճապի չմատնվեն, քանի որ գյուղի սահմանները զոր ու գիշեր հսկում են գյուղի ազատամարտիկները ԶՈՒ հետ միասին։

«Ես արդեն 30 տարի է զինվոր եմ, ու ինձ համար կարևորը իմ սահմաների ամրություն է, ու վերևների հետ ես կապ չունեմ։ Իհարկե ծանր է տեսնել ադրբեջանական դրոշը․․․․ այդ դրոշը ես տեսել եմ իմ դիմացից փախնելուց, իսկ հիմա տեսնում եմ սահմանին կանգնած»։

Սիմոն Բեգլարյանը մեզ ճանապարհում է ու նկատում․ «հանգիստ մնացեք, մենք այստեղ ենք»։

Արմինե Գևորգյան