Բավ է պառակտվել
19-03-2020 21:29

Ու՞մ գլուխն է կտրելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Երևանի ավագանու նիստը մեկնարկեց արտակարգ պայմաններում։ Նախ` մուտքի մոտ ջերմաչափվում էին հետո անցնում դահլիճ։ Սակայն նախկին դահլիճի փոխարեն ավագանու անդամները նիստը անցկացրեցին քաղաքապետրանի ճեմասրահում։ Աթոռները դրված էին պահանջվող հեռավորության վրա, անվտանգության նորմերը` պահպանված։ Նիստին մասնակցում էր ավագանու 44 անդամ։

Նախ ծափահարություններ` ուղղված բուժաշխատողերին, որից հետո անցում օրակարգային հարցերին։ Քննարկվում էր 2019-ի բյուջեի կատարողականը։ Ավագանիների հարցերը շատ էին, իսկ քննարկումներն էլ բավականին թեժ։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախ նշեց, որ ունեն 90 տոկոս թերակատարված բյուջե, հետո հայտարարեց, որ այս օրերին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, երբ գնման գործընթաց հայտարարված չէր։ Քաղաքապետն անմիջապես արձագանքեց` նման բան իր ղեկավարման ժամանակ տեղի ունենալ չէր կարող ու ռեպլիկի կարգով նկատեց. «Դա կարող էր տեղի ունենալ ձեր կողմից սիրված Վահե Նիկոյանի (նախկին փոխքաղաքապետ խմբ.), Տարոն Մարգարյանի (նախկին քաղաքապետ. Խմբ.) ժամանակ»։
«Ես նույնքան սիրում եմ ձեզ, որքան Նիկոյանին ու Մարգարյանին»,– ասաց Դավիթ Խաժակյանը։
«Քանի երկրում արտակարգ դրություն է, սերը պահեք Ձեզ, հետո կխոսենք: Եթե ինչ-որ մեկն անօրինություն կատարի, կպատժվի օրենքի ողջ խստությամբ», - հակադարձեց Հայկ Մարությանը:
Իսկ ինչո՞ւ չի կատարվել այն խոստումը, որ մինչև այս տարվա փետրվարի վերջը պետք է ձեռք բերվեին 100 նոր ավտուբուսներ։ Խաժակյանը հիշեցրեց, որ մրցույթ պետք է հայտարարվեր, ինչը չի արվել։ Պարզվեց` խնդիրը տեխնիկական է։
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի հարցն էլ վերաբերվում էր Գետառ և Ողջաբերդ գետերի մաքրման աշխատանքներին։ Նա նշեց, որ բյուջեից 38 մլն դրամ է հատկացվում, սակայն գետերն այդպես էլ լիարժեք չեն մաքրվում:
Ավագանու անդամն առաջարկեց ավելի շատ գումար հատկացնել գետերի մաքրման աշխատանքներին:
«Էս էն տարբերակն է. ամուսինը գալիս է տուն, կինն ասում է՝ էրեխեն էս չունի, էն չունի, բաղնիքը սենց եղավ, նենց եղավ... Հա, բայց փող չկա, որ էդ ամեն ինչը միանգամից արվի, ժողովուրդ... Գետառն էլ է պետք մաքրել, մանկապարտեզն էլ է պետք.., ասֆալտն էլ է պետք..., աղբահանությունն էլ է պետք... Գոյություն ունեն չափաբաժիններ. քաղաքային իշխանությունը նրա համար է, որ ճիշտ չափաբաժինը հատկացնի: Ժողովուրդն է գնահատողը. կգնահատի: Վերահսկողն ավագանին է. մենք հետևում ենք ձեր ասածներին»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարզաբանեց, որ Գետառ և Ողջաբերդ գետերի մաքրումն իրականացվում է ամեն տարի։ Այս տարվա մաքրման աշխատանքները մեկնարկել են, իսկ խոցելի հատվածները Շենգավիթի և էրեբունի վարչական շրջաններում են են:
ԲՀԿ ավագանու անդամ Մարկոս Հարությանի հարցը օրակարգից դուրս էր, վերաբերվում էր Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը։ Երբ տեսանելի կլինեն աշխատանքները։
«Մոտավորապես վերջնական մենք ունենք մեր համար պատասխանը, թե որն ենք անում: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Որտեղ որ լինելու է կայարանը, հարակից տարածքների գնահատում ենք սկսել, մեր ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք»,- ասաց քաղաքապետը
Ու քանի որ խոսվեց նոր կառուցվող մետրոյի կայարանի մասին, ավագանու անդամները հետաքրքվեցին նաև ճոպանուղու ճակատագրից։ Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշեց, որ եթե մրցույթ անցկացնելու պահանջը չլիներ, ապա ճոպանուղու շինարարությունը կարող էր շատ շուտ սկսվել։ Այս պահին կա ընկերություն, որը ցանկանում է այն կառուցել։
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նկատեց, որ վերջին երկու տարում մարդիկ ապրում են այլ իրողության պայմաններում։ Նախկինում որևէ մրցույթի մասնակցելու համար կար մենաշնորհ, իսկ բոլոր նրանց, ովքեր փորձել են մասնակցել մրցույթի, կամ ծեծել են, կամ նրանց հայերը հետ են ուղարկել։ Ավելին, երբ ստանձնել են քաղաքի ղեկավարումը, պարզվել է, որ բոլոր վարչություններում մրցույթների համար տեխնիկական բնութագիր գրողներ չեն եղել, քանի որ նախկինում դրա կարիքը չի եղել:
«Գլուխն եմ կտրելու այն մարդու, որը կոռուպցիայով է զբաղվելու, կներեք, որ այդպես եմ ասում: Եթե մեկն իր մտքով կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու»,- ասաց Երևանի քաղաքապետը:

 

 

Արմինե Գևորգյան