Բավ է պառակտվել
09-11-2017 14:11

Դանիան դյուրացրել է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

Հինգշաբթի օրը կայացած նիստին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վիզաների տրամադրման դյուրացման վերաբերյալ Դանիայի հետ համաձայնագիր կնքելու առաջարկին:
Ինչպես նիստի ընթացքում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրով նախատեսվում է մեր երկրի քաղաքացիների համար զգալիորեն դյուրացնել վիզային ռեժիմը:
« ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում գտնվել Դանիայում և Շենգենյան գոտու այլ երկրներում՝ 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով, 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում, ինչը զգալի քայլ է վիզային ռեժիմի դյուրացման հարցում»,- ասել է Քոչարյանը:
Վիզաների տրամադրման դյուրացված ընթացակարգերը տարածվում են Դանիայի և Հայաստանի քաղաքացիների՝ այդ երկրներում օրինական հիմունքներով բնակվող մոտ բարեկամների վրա, պաշտոնական պատվիրակությունների անդամների, լրագրողների միջազգային ցուցահանդեսների, ֆորումների, գիտաժողովների, սեմինարների, միջազգային սպորտային միջոցառումների, քույր քաղաքների փոխանակման ծրագրերի մասնակիցների, բուժման նպատակով, գիտական, մշակութային կամ ստեղծագործական գործունեության շրջանակներում Դանիա այցելող անձանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վարորդների, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնեղների, բիզնես- կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Փաստաթղթով նաև կարգավորվում է Դանիայի կամ ՀՀ քաղաքացիների ամուսիններին կամ երեխաներին, ազգային կամ տարածաշրջանային կառավարությունների և խորհրդարանների անդամներին, սահմանադրական և գերագույն դատարանների ներկայացուցիչներին բազմակի վիզաների տրամադրման հարցը: Ըստ համաձայնագրի, վիզա տրամադրելու արժեքը կազմում է 35 Եվրո:
Ավելի վաղ Հայաստանը միակողմանի կարգով չեղարկել էր ԵՄ երկրների, այդ թվում նաև Դանիայի քաղաքացիների մուտքի վիզաների պահանջը: