Բավ է պառակտվել
26-02-2020 16:40

Դատարանը մերժեց դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը. Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական խմբի՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Դատախազին երեկվա դատական նիստում ինքնաբացարկի միջնորդութուն էր ներկայացրել Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
«Կոչ եմ անում ապօրինի մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին ցուցաբերել քաղաքացիական արիություն և հայտնել ինքնաբացարկ, չհայտնելու դեպքում բացարկ եմ հայտնում Արսեն Մարտիրոսյանին», - ասել էր Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործի համաձայն՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը: Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։
Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը նիստին ներկա չէին, ներկա էր միայն Սերգո Կարապետյանը, ով դատական նիստից հետո ասաց, ոչ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Հարցին՝ ինքը ցուցմունք տվե՞լ է, առերեսվե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Սերգո Կարապետյանը խորհուրդ տվեց հետևել դատական գործընթացին։
«Ինչ-որ պետք էր, ասել եմ: Հետևեք դատական գործընթացին: Դատական գործընթացը ցույց կտա», - ասաց նա։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 15:00-ին:
Նշենք, որ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

 

Արմինե Գևորգյան