Բավ է պառակտվել
30-07-2019 21:57

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվել է գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Մեղադրյալ Գրիգորյանին այս անգամ էլ դատարան չեն բերել՝առողջական վիճակի պատճառով: Այսօրվա նիստում դատարանը քննարկել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական հանձնաժողովի փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու, նաև Գրիգորյանին պատկանող <<Արա և Այծեմնիկ >> ընկերության գույքի վրա դրված արգելանքի վերացման հարցը:
Նշենք,որ ՊԵԿ-ը դիմել էր խնդրանքով,որպեսզի վերացնեն Մանվել Գրիգորյանին պատկանող <<Արա և Այծեմնիկ>> ԲԲԸ գույքի վրա դրված արգելանքը, հնարավորություն ընձեռնելով էլեկտրոնային աճուրդում իրացնել այդ գույքը և փոխհատուցել պետությանը հասցված 1 միլիարդ 2 միլիոն 230 հազար դրամ վնասը:
Հիշեցնենք,որ այս ընկերությունում գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել քննիչի որոշմամբ, դեռևս նախաքննության ընթացքում։ Պարզվում է, որ դեռևս 2015թ. ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում <<Արա եւ Այծեմնիկ>> ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն: Արգելանք դրված է նաև ամբաստանյալի 93 շարժական և 40 անշարժ գույքի վրա:
Մեղադրող դատախազ անդրադառնալով <<Արա եւ Այծեմնիկ>> ԲԲԸ-ի գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու հարցով ՊԵԿ–ի գրությանը՝ ասաց,որ եթե փորձաքննությունը պարզի, որ այդ գույքերը չեն գերազանցում 1 մլրդ դրամը, ապա գույքը արգելանքից կհանվի միայն այդ գումարի չափով: Դատարանը նիստն ընդմիջեց ՝որպեսզի պաշտպանական կողմը ճշտեր ամբաստանյալի դիրքորոշումը՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ: Արդեն ընդմիջումից հետո որոշվեց վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող <<Արա եւ Այծեմնիկ>> ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ բավարարելով ՊԵԿ–իմիջնորդությունը;
Իսկ մինչ այդ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկտրչյանը տեղեկացրեց,որ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովի անդամները հուլիսի 25–ին այցելել են <<Նաիրի>> ԲԿ–ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանին։ Նշենք, որ գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի կատարումը հանձնարարվել է Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

<<Այդ փորձաքննության անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայում էր, սա սադիզմ է, քանի որ առանց փորձաքննություն նշանակելու էլ ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման ներքո։ Այն մեղադրյալները, որոնք նմանատիպ հիվանդություններ են ունեցել, առանց փորձաքննության նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել և գտնվում են ազատության մեջ։ Այսօր, եթե փորձենք խոսել զուգահեռներից, չկա նման ծավալի հիվանդություններ ունեցող անձ>>,–ասաց նա։
Երբ պարզ դարձավ դատարանի որոշումը՝այն վերացվեց Մանվել Գրիգորյանին պատկանող <<Արա եւ Այծեմնիկ>> ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ բավարելով ՊԵԿ–ի միջնորդությունը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեց: Նշեց, որ օրեր առաջ իր պաշտպանյալի մոտ կրկնակի հետազոտություն է կատարվել, որից պարզ է դարձել, որ նրա առողջական վիճակի բացասական դինամիկան կրկնապատկվել է։ Ավելին՝ այդ պայմաններում նրան կալանքի տակ պահելը հավասարազոր է խոշտանգման։ Ինչ վերաբերում է գրավի չափին, Լևոն Բաղդասարյանն ասաց, որ այն կարող է սահմանվել մինչև 25 մլն դրամ։Սակայն դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

 

Արմինե Գևորգյան