Բավ է պառակտվել
26-07-2021 16:04

Եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, դա կլինի պատերազմ նաև Ռուսաստանի դեմ․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ադրբեջանը սկսի լայնածավալ պատերազմ, դա կլինի պատերազմ նաև Ռուսաստանի դեմ։
«Պատրա՞ստ է նա դրան, կարծում եմ, որ` ոչ։ Եվ դա նրան պետք չի», – կարծում է Բաբայանը։
Բացի այդ, Բաբայանի խոսքով, բնական է, որ Արցախի բնակչությունը մինչև վերջ պայքարելու է, «քանի որ մենք արդեն էլ տեղ չունենք գնալու»։
«Այդ պատճառով պատերազմի հավանականությունն այստեղ այնքան փոքր է, որ սպասել դրան, համենայն դեպս մոտ ապագայում, չարժե։ Բայց տարածելով խոսակցություններ` նրանք (ադրբեջանական կողմը՝ խմբ.) այդ կերպ փորձում են հասնել նրան, որպեսզի այստեղ սկսվի բնակչության արտահոսք, որպեսզի մարդիկ միշտ վտանգ զգան, որպեսզի վստահ չլինեն վաղվա օրվա մեջ։ Այդ պատճառով բոլոր խոսակցություններին պետք է համապատասխան վերաբերվել», – ընդգծել է նա։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ այսօր, քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, լայնամասշտաբ պատերազմը պարզապես իրական չէ։
«Կարծում եմ, որ նրանք կմնան բավականին երկար, քանի որ իրական չի լինի առաջիկա հինգ տարում կարգավորել ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությունը, հետևաբար, խաղաղապահ առաքելությունը պետք է շարունակվի», – ասել է Բաբայանը։
«Եթե իրականացնենք նորմալ, ճիշտ քաղաքականություն, եթե մեր պետականաշինությունը, արտաքին քաղաքականությունը ճիշտ լինի, կան բոլոր նախադրյալները, որ Ղարաբաղը կմնա, կապրի, կուժեղանա և կբարգավաճի», – եզրափակել է Բաբայանը։