Բավ է պառակտվել
14-02-2020 15:21

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց Սանասարյանի մեղադրական եզրակացությունը:
Բայց մինչ այդ Սանասարյանի պաշտպանական կողմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել։ Սակայն դատավոր Դավիթ Բալայանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց պաշտպանների միջնորդությունը։
«Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ. դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե քննչական, որ մարմնում է իրականացվում նախաքննությունը, միևնույն է՝ դատավարական հսկողությունն իրականացնող մարմինը դատախազությունն է»-ասաց նա:

Իսկ ըստ մեղադրական եզրակացության Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Դավիթ Սանասարյանը ի պատասխան մեղադրողի հարցի՝ասաց,որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է,բայց առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ես առիթներ եմ ունեցել իմ դիրքորոշումը ներկայացնելու՝ նշված շինծու գործի վերաբերյալ, եւ հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ հրապարակվածը չի համապատասխանում իրականությանը: Ինձ մեղադրում են նրա համար, որ ես, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է կոնկրետ կազմակերպություն, ասել եմ, որ նման բան չի եղել, բայց ես բազմիցս հարցրել եմ նրան, նա ինձ հավաստիացրել է, որ ինքը որեւէ կազմակերպության հետ կապ չունի»,–ասաց Սանասարյանը։
Ինչ վերաբերում է դատախազի այն պնդմանը, թե դիալեզի գործով պետությանը վնաս է հասցվել, Սանասարյանը հիշեցրեց՝ այդ մասով կա առանձին քրեական գործ, որը ՊՎԾ ուսումնասիրության արդյունք է. «Մամուլում չկա գեթ մեկ դեպք, որ ինչ-որ մեկը տուժել է ՊՎԾ ուսումնասիրությունից»:
Սանասարյանը հայտարարեց՝ ինքը չի ափսոսում, որ ՊՎԾ ուսումնասիրություններն արվել են Վանաձորի եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում. «Եթե այսօր էլ վերադառնամ, թույլ չեմ տալու, որ մարդիկ պետության հաշվին գերշահույթ ունենան»,- ասաց նա:

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

 

 

Արմինե Գևորգյան