Բավ է պառակտվել
29-03-2021 13:15

Զատիկի տոնի նախօրյակին ձվի դեֆիցիտ չի լինի, վերավաճառելն անիմաստ կլինի․ ՏՄՊՊՀ ղեկավար

Արտադրությունում առկա խնդիրներից ու մոտեցող Զատիկից կարող էին օգտվել անբարեխիղճ վերավաճառողները։

Հայաստանի թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձու արտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Արտադրությունում առկա խնդիրներից (թռչնաբուծարանները երկար ժամանակ չէին կարողանում ավելացնել ածան հավերի գլխաքանակը՝ խմբ․) ու մոտեցող Զատիկից կարող էին օգտվել անբարեխիղճ վերավաճառողներն, ովքեր սկսեցին չարաշահումներ իրականացնել շուկայում, հավելեց Գևորգյանը։

Վերջին 10 օրերին սուպերմարկետներում որոշ գնորդներ սկսեցին մեծ քանակով ձու գնել։ Եթե ինչ-որ մեկը գնում է 10-20 տուփ, պարզ է, որ դա անձնական օգտագործման համար չի անում, ընդգծել է Գևորգյանը։ Ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ ձուն գնում են հետագայում վերավաճառելու նպատակով, այլ բացատրություններ անտրամաբանական են թվում, նկատեց նա։

«Հնարավոր է՝ դրանք հետագայում վերավաճառվում են ոչ մեծ խանութներին, որոնք իրենց հերթին վաճառում են դա առանց փաստաթղթերի՝ ապօրինի կերպով։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ փորձում են արհեստական լարվածություն ստեղծել շուկայում՝ Զատիկի առնչությամբ։ Հասկանալի է, որ Զատիկից, օրինակ, մեկ շաբաթ անց նրանք դա չէին անի»։

«Թռչնաֆաբրիկաները վստահեցրել են, որ թռչունների նոր գլխաքանակը շուտով կսկսի ձու տալ։ Դրա շնորհիվ մթերքը շուկայում բավարար քանակությամբ կլինի, իսկ վերավաճառելն անիմաստ կդառնա»,- հավելեց Գևորգյանը։

Պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել, թե ձվի թանկացումը որքանով կարող է պայմանավորված լինել հացահատիկի գների համաշխարհային աճով, և որքանով՝ շուկայական սպեկուլյացիայով: Այն, որ դա գոյություն ունի՝ Պետական հանձնաժողովի համար արդեն ակնհայտ է, մնում է հասկանալ, թե ով է զբաղվում դրանով, ֆաբրիկաները, թե վերավաճառողները։ Այդ հարցով պետք է զբաղվի հարկային ծառայությունն», - ընդգծեց Գեւորգյանը: