Բավ է պառակտվել
18-11-2019 14:30

Դեկտեմբերից Վրաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումը կիրականացվի Գյումրի մաքսատանը․ՊԵԿ նախագահ

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ հենց այնպես չեն լինում, դրանք կարող են լինել որևէ միջադեպի, օրինակ՝ կշեռքի խափանման կամ այլ պատճառներով։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը համոզված է,որ ձգձգումներ կարող են լինել, եթե կասկած լինի, որ միջազգային սանկցիոն ապրանքներ են փորձում ներմուծել Ռուսաստան։
«Բայց ընդհանուր առմամբ մեր բեռները կանգնում են մենակ էն ժամանակ, երբ, օրինակ, Վերին Լարսի մաքսային կետն ունի ինչ-որ մեխանիկական կամ տեխնիկական խնդիր», – ասաց Անանյանը,հավելելով որ ռուս գործընկերների հետ որևէ այլ խնդիր չկա։
ՊԵԿ նախագահը անդրադարձավ նաև Գյումրի մաքսատանը,ասաց այս ամսվա վերջին-դեկտեմբերի սկզբին այն մեքենաները, որոնք կներմուծվեն Վրաստանից, արդեն մաքսազերծում կանցնեն հենց Գյումրիի ավտոմաքսատանը։
Իսկ Նորագավթի ավտոմաքսատունը, կաշխատի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու համար։
Նշենք,որ մամուլը գրել էր ,որ մաքսատունը Գյումրի տեղափոխելուց հետո,շատ քաղաքացիների «բիզնեսի» նոր ձև են գտնել։ Հանում էին մեքենաների համարները, կանգնում էին հերթ ու առավոտյան իրենց «տեղը» վաճառում էին։
Պեկ նախագահը խնդրից տեղյակ է և այդ մասին արդեն ահանզանգել են իրավապահներին, և հիմա այն արդեն լուծված է։
ՊԵԿ նախագահը խոսեց նաև Վրաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ Հայաստանում ստորագրված փաստաթղթերի մասին։ Ասաց,որ իրականացվելու է ապրանքների մասին նախնական տեղեկատվության փոխանակում, որն աշխատելու է մաքսային հսկողությունը դյուրացնելու համար։
«Օրինակ, Իրանից Հայաստան է գալիս որևէ բեռ, ապա իրանական մաքսային ծառայության աշխատակիցները, արդեն իսկ ունենալով բեռի մասին տեղեկություններ, միանգամից հաղորդում են Հայաստանի գործընկերներին։ Արդյունքում հայկական կողմում նախապես իմանում են բեռի մասին՝ մինչև դրա սահման հասնելը»,–բացատրեց ՊԵԿ նախագահը։
Նշենք,որ այս ընթացակարգը իրականացվելու է Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև։

 

Արմինե Գևորգյան