Բավ է պառակտվել
01-11-2018 13:15

Մարտի 1-ի գործը կեղծված է եղել, հաստատվել է բանակի մասնակցությունը․ հատուկ քննչական ծառայության պետ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հինգշաբթի լրագրողներին ասել է, որ 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ ապացույցները կեղծվել են, և բանակի ներգրավվածության մեղադրանքներն ավելին քան հիմնավոր են:

“Սկզբում ասվում էր, որ բանակը չի ներգրավվել, ապա՝ ներգրավվել է, բայց մնացել է զորանոցներում։ Մենք ապացուցել ենք, որ բանակը ոչ միայն ներգրավված է եղել, այլև զինծառայողները կրակել են։ Իրական ապացույցները կեղծելու փորձ է արվել”, - ասել է Խաչատրյանը:

Մասնավորապես, նա նշել է, որ կեղծիքի ապացույց են հանդիսանում գործի շրջանակներում որպես ապացույց անցնող պարկուճները:

«Մեր ապացույցները վկայում են, որ առնվազն հազար պարկուճ փոխարինվել է ոստիկանության ներքին զորքերի սպառազինության մեջ մտնող այլ հրազեններից կրակված պարկուճներով”, - ասել է Խաչատրյանը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ թեև չի կարող երաշխավորել, որ այդ բոլոր պարկուճներըը կրակվել են բանակի սպառազինության մեջ եղող զենքից՝ դրանց փոխարինման փաստն անվիճելի է:

Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավարը և բալիստիկ փորձաքննության փորձագետը ներգրավվել են մեղադրյալի կարգավիճակով՝ ապացույցներ կեղծելու համար:

2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ: