Բավ է պառակտվել
04-01-2021 11:36

Ադրբեջանի կողմից Հայաստանի երկնքում խոցված ռուսական ուղղաթիռի գործը վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածով

Ռուսաստանի ռազմական քննիչները վերաորակավորել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ավելի ծանր հոդվածով (դիտավորյալ սպանություն), հայտնել է երկուշաբթի լավատեղյակ աղբյուրն «Ինտերֆաքս»-ին։

«Քրեական գործը, որը սկզբնապես հարուցվել էր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 351 հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածով՝ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն),-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ եթե առաջին դեպքում նախատեսվում է մինչև յոթ տարի ազատազրկում, ապա երկրորդի պարագայում հանցագործությունը կարող է պատժվել անգամ ցմահ ազատազրկմամբ: Աղբյուրը նաև ընդգծել է, որ վերոնշյալ որոշումը կայացվել է գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում:

«Որքան էլ որ հանցագործության փաստն ակնառու է, քննիչները պետք է քռգործ հարուցեն այն հոդվածով, որով սովորաբար հետքննվում են նման դեպքերը։ Դրանից հետո արդեն հավաքեն նյութեր կատարված արարքի առավել ճշգրիտ որակավորման համար, ինչը և արվել է»,- բացատրել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, գործը քննում են Գյումրիի (Հայաստան) ռուսական բազայում տեղակայված ռազմական քննիչները:

Միաժամանակ, նա դժվարացել է ասել, թե որքան կտևի հետաքննությունը: «Կան որոշակի դժվարություններ՝ կապված այն բանի հետ, որ կասկածյալները գտնվում են այլ պետության տարածքում», - ասել է աղբյուրը:


Մի -24 միջադեպը

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս խոցվել է Մի-24 հարվածային ուղղաթիռը: Հաղորդվում էր, որ երկու ռուս զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 17: 30-ին): Ուղղաթիռն ուղեկցել է 102-րդ ռուսական ռազմաբազայի շարասյունը Հայաստանի տարածքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջան) սահմանին մոտ գտնվող Երասխ հայկական բնակավայրի մոտակայքի օդային տարածքում, նշել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Նույն օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մի -24-ը պատահաբար խոցվել է ադրբեջանական զինուժի կողմից` Հայաստանի տարածքի վրա: «Ադրբեջանական կողմը հայցում է ռուսական կողմի ներողամտությունը դժբախտ պատահարի բնույթ կրող այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որն ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ», - հայտարարել են ԱԳՆ-ից: Ադրբեջանական կողմը հայտարարել է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին: