«Դ!ԵՄ ԵՄ» թիմը, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով: Այս մասին ասվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հաղորդագրության մեջ։
«Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն և միայն մարդու շահերից և սահմանադրական սկզբունքներից: Ուստի գտնում ենք, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։
3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։
Նոր օրենքի նախագիծը մինչև Ազգային ժողովի օրակարգ մտնելը, պետք է ներկայացվի հանրության դատին, ունենա լայն հանրային քննարկում, որի ժամանակ հանրության մտավախություները և առաջարկները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն»,-ասվում է հայտարարությունում: