Բավ է պառակտվել
04-05-2022 11:29

Փաշինյանի դեմքով դիմակ կրող ցուցարարներին կոշտ բերման են ենթարկում Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Ոստիկանությունն այս պահին Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, բերման է ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով դիմակ կրող անհնազանդության ակցիայի մասնակիցներին։

Արդեն մի քանի մարդ ձերբակալվել է։ Բիրտ ուժի կիրառմամբ նրանց նստեցնում են ոստիկանական գազելներ։ Դիմակավորված ցուցարարներից մեկին երեք ոստիկան տապալում են գետնին։

«Նիկոլն ինքնակամ հանձնվեց, ձեռքերը մի ոլորեք»,- ասում է նա։

Մոտ 10 ոստիկան բռնել են Փաշինյանի դեմքով դիմակ կրող աղջկան և կոպտորեն քարշ տվել դեպի ոստիկանական մեքենան։

Ակցիայի կազմակերպիչներից մեկը փորձեց մեկնաբանություն տալ մամուլին, սակայն նույնպես բերման ենթարկվեց։

Չորեքշաբթի առավոտից արգելափակվել են քաղաքի կենտրոնը հարավային և հարավ-արևմտյան համայնքներին կապող Կիևյան կամուրջը, Բաղրամյան պողոտայից Կասյան փողոց տանող ճանապարհը և Դավթաշենի կամուրջը։ Ցուցարարներից բացի, հավաքների անցկացման վայրերում մեծ թվով ոստիկաններ ու «կարմիր բերետավորներ» են։

Երեւանում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների կողմից կազմակերպված անհնազանդության ակցիաները։ Ակտիվիստները մի քանի ժամով փակել են հիմնական պողոտաներն ու խաչմերուկները, ինչպես նաև բնակելի թաղամասերից կենտրոն տանող ճանապարհները։ Այնուհետ մարդիկ երթով շարժվում են փոքր կենտրոնով, կոչ անելով հայրենակիցներին միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխելու իրենց պահանջին։