Բավ է պառակտվել
11-10-2021 20:22

Աղջիկների օրը․ Հայաստանում նվազել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի թիվը

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի թվի նվազման միտում, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը Աղջիկների միջազգային օրվա առթիվ, որն ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 11-ին:

Ըստ ԱՀԿ -ի՝ նորածին աղջիկների և տղաների հարաբերակցությունը պետք է լինի 100/106: Հայաստանում 2008-2012թթ. հարաբերակցությունը 100/115 էր: 2019-2020թթ նկատվում է սելեկտիվ աբորտների նվազման դրական միտում` 100/110 հարաբերակցությամբ, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակում` 100/108:

Հղիության ընտրովի արհեստական ​​ընդհատումը մեծապես պայմանավորված է ազգային գիտակցության մեջ արմատացած որդի ունենալու ցանկությամբ, տոհմը շարունակելու, ժառանգ ունենալու անհրաժեշտությամբ և այլն:

Բնակչության վերարտադրության մակարդակի շեղումները առաջացնում են ժողովրդագրական լուրջ խախտումներ, որոնք ծնում են ազգագրական, սոցիալական և մի շարք այլ խնդիրներ:

Խնդրի հաղթահարման ուղղությամբ ամենակարևոր քայլերը ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորումն ու հստակեցումն են, այլև դուստրերի և կանանց դերի բարձրացումը ընտանիքում և ազգային մտածողության մեջ: Կրթական և տեղեկատվական խորհրդատվությունների տրամադրումը, բարոյահոգեբանական աջակցությունը կնպաստեն կանանց՝ սեփական անձի գնահատման և կարևորության բարձրացմանը: