Բավ է պառակտվել
11-10-2020 14:49

Դեպի նոր բանակցություններ. Ավետիք Իշխանյան

Այսօր, արցախյան ճակատում, դեռևս մարտեր են ընթանում և հայտնի չէ, թե երբ վերջապես հայտարարված հրադադարը կիրականացվի։ Այնուամենայնիվ, հուսանք, որ շուտով նորից կսկսվեն բանակցությունները։ Հետևելով տարբեր երկրների, այդ թվում և ռուսական և արևմտյան քաղաքական գործիչների, քաղաքագետների վերլուծություններին` տպավորություն եմ ստանում, որ այս 26 տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունն այնքան էլ արդյունավետ չի աշխատել։ 2012թ․ Բրյուսելում և Ստրասբուրգում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների հետ։

Բացի մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին քննարկումները, բոլորին հետաքրքում էր Արցախի հիմնախնդրի մասին իմ կարծիքը։ Նախապես ասեմ, որ համարյա բոլոր զրուցակիցներս կողմ էին Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությանը։ Իմ կողմից բերված բազմաթիվ փաստարկներից հետո, զրուցակիցներս, չունենալով այլ, իրենց փաստարկներն, ասում էին․ «Լավ, Լեռնային Ղարաբաղի տարածքը հասկացանք, բա շրջակա, գրավյալ տարածքնե՞րը»։ Իհարկե, ես պատասխանում էի, որ երբ ճանաչվի Արցախի Ադրբեջանից անկախ կարգավիճակը, ա՛յ այդ ժամանակ, քննարկենք այլ տարածքների հարցը։ Փորձում էի նրանց բացատրել նաև, այն, որ պարզվեց նրանք այդ մասին (տե՛ս ստորև) գաղափար չունեին և արդեն նախորդ ասածներս էին դնում կասկածի տակ։
Այժմ էլ, երբ հետևում ես, նույն արևմտյան և ռուսական վերլուծաբանների ելույթները, նույնիսկ, այսպես ասած, հայամետ գործիչները, եթե ընդունում են Արցախի ինքնորոշման իրավունքը, ապա բոլորը խոսում են Ադրբեջանին 5 կամ 7 շրջանների վերադարձի և ադրբեջանցների կողմից ուռճացված շուրջ 1մլն․ փախստականների մասին։ Լավագույն դեպքում նշվում են 88-90թթ․ Սումգայիթի և Բաքվի ջարդերի և այդ քաղաքներից հայ փախստականների մասին։ Կարծես, բոլորն ընդունում են նաև Շուշիի ադրբեջանական լինելու մասին թեզը։

Եվ, ներեցեք, այս 26 տարիների ընթացքում Ադրբեջանի հիմնական խաղաթուղթը եղել է հենց 1 մլն փախստականների և Շուշիի հարցերը։

Ինչո՞ւ հայկական դիվանագիտությունը, վերլուծական կենտրոնները, տարբեր լոբբիստական կազմակերպությունները, այս տարիների ընթացքում հետևողականորեն չեն բարձրացրել հետևյալ հարցերը․

-Շուշին եղել է արևելյան Հայաստանի մշակութային կենտրոնը։ Շուշիում հրապարակվել են թերթեր, գործել թատրոններ, ուսումնական հաստատություններ և այլն։ 1919թ․ կովկասյան թաթարների կողմից Շուշիի բնակչությունը կոտորվեց, քաղաքն ավերվեց և այն ադրբեջանական դարձավ, արդեն խորհրդային տարիներին։

-Երբ ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այն ցամաքային սահման ուներ Հայկական ԽՍՀ-ի հետ։ Արդեն հետագայում, Քաշաթաղի շրջանն անջատվեց ԼՂԻՄ-ից։

-ԼՂԻՄ-ից դուրս մնացին, նույնպես պատմական, հայաբնակ Շահումյանի շրջանը։ 1991 թ․ հայթափվեցին շրջանի Գետաշեն, Մարտունաշեն, Կամո, Ազատ գյուղերը, Հադրութի շրջանի 14 և Բերդաձորի բոլոր գյուղերը։

-Ռուսատանի քաղաքագետները, հատկապես Սեմյոն Բաղդասարովը, խոսելով Արցախի մասին, հաճախ բերում են Խաչիսար (Չարդախլու) գյուղի օրինակը, որը տվել է տասնյակ զորավարներ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան և այլն, հավանաբար առանց իմանալու, որ այդ հերոսական գյուղը նույնպես հայաթափվել է։

Ահա, այս ամենն էի ներկայացնում ԵՄ գործիչներին, որոնց մասին նրանք տեղյակ չէին։ Ահա այս ամենը չի հնչում , քիչ թե շատ հայամետ դիրքորոշում ունեցող ռուս և արևմտամետ գործիչների շուրթերից։ Թող ներեն ինձ այն քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր այս հարցերը բարձրացրել են, բայց հետևողական, պետական մակարդակով այս հույժ կարևոր տեղեկատվական աշխատանքի հարցոմ առնվազն թերացել են։

Շուտով կվերսկսվեն արցախյան բանակցությունները։ Ամենայն հավանականությամբ, հայկական կողմի վրա մեծ ճնշումներ կլինեն առաջին փուլում տարածքների և ադրբեջանցի փախստականների վերադարձի շուրջ։ Հայկական դիվանագիտությունը պետք է հաստատակամորեն բարձրացնի վերոնշյալ հարցերը։ Այս հարցերն ավելի մասնագիտորեն և փաստարկված ներկայացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն պետք է հրավիրի և խորհրդակցի մասնագետների հետ։

Ավետիք Իշխանյան