Բավ է պառակտվել
12-12-2019 15:15

Պատգամավորները մարզական վաշտին կողմ են, ոստիկանությունում տեսախցիկներին՝ դեմ

 

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում նիստում քննարկել են Զինված ուժերում մարզական վաշտ ունենալու հարցը։ Կառավարությունը կարծում է, որ այն պետք է վերականգնել, պատգամավորները դեմ չեն։

Փոխարենը գործադիրի և օրենսդիրի մոտեցումները չեն համընկնում ոստիկանությունում տեսախցիկների թիվն ավելացնելու հարցում։ Դեմ են հատկապես օրենսդիրի այն անդամները, որոնք իրավապահ համակարգում աշխատանքի փորձ ունեն։

«Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ, ըստ Պն փոխնախարար Գաբրիել Բալայանի, առաջարկվում է վերականգնել բանակի մարզական ակումբը։«Այնտեղ զորակոչելու ենք այն քաղաքացիներին, որոնք սպորտով են զբաղվում եւ համապատասխան նվաճումներ ունեն, որպեսզի կարողանանք նրանց ծառայությունը կազմակերպել այլ ձեւով»,- ասաց Բալայանը: «Իմ քայլից» Սասուն Միքայելյանին հետաքրքում է՝ որքանով է ճիշտ միայն հաջողությունների հասած մարզիկներին ծառայությունը նման կերպ անցկացնելու հնարավորություն տալ։ «ճիշտ չի՞ լինի ընդհանրապես վերցնել այն երեխաներին, որոնք սպորտում մեծ հեռանկար ունեն, որ հետագայում նորմալ սպորտսմեններ ունենանք»։

Պն փոխնախարարի պարզաբանմամբ՝ տեղերը սահմանփակ են․ համագործակցելու են մարզական ֆեդերացիաների հետ, նախապատվությունը տալու են լավագույներին։ «Բացառվում է, որ հաջողության չհասած անձն այդ ծառայությունն անցնի: Երբ ֆեդերացիան կհամարի, որ այլեւ հույս չի կապում այդ մարզիկի հետ, նա կուղարկվի զորանոցային ծառայության»,– ասաց ՊՆ փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հիշեց անցյալից դրվագներ․ սպորտվաշտը ձեւավորվեց 90-ականներին, քանի որ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը շատ էր կարևորում բանակում մարզական ակումբի կայացումը: Բայց տարիների ընթացքում այդ կառույցը վերածվեց պաշտոնյաների երեխաների համար ծառայության , ֆեդերացիաների կոռուպցիոն ռիսկերի վայրի։ պատգամավորն առաջարկում է առավել քան ուշադիր լինել ։

Հանձնաժողովի օրակարգային հաջորդ հարցը վերաբերվում էր ոստիկանական բաժանմունքների մուտքերը, ելքերը, հարցաքննության համար օգտագործվող սենյակները տեսանկարահանող և տեսաձայնագրող սարքերով համալրելուն։ Նպատակը, ըստ հիմնավորման, այս տարածքներն առավել թափանցիկ դարձնելն է, նաև բռնության, խոշտանգման դեպքերը բացառելը:

Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի խոսքով՝ տեսագրությունները կարող են տրամադրել քրեական վարույթն իրականացնող մարմնին, դիտորդական խմբի անդամներին, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին և այլոց ։

Հանձնաժողովի անդամներից Տիգրան Կարապետյանն ու Արմեն Խաչատրյանը պնդում են, որ օպերատիվ հարցման սենյակներում չի կարելի նման տեսախցիկներ տեղադրել։ Կարապետյանի համար ընկալելի էր բաժանմունքերի մուտքը, ելքը տեսախցիկով հսկելը, բայց զարմանալի էր օպերատիվ հարցումների սենյակներում տեսախցիկներ տեղադրելու առաջարկը

«Ինձ մոտ շոկի տպավորություն է, թափանցիկություն, մարդու իրավունքներ, հասկացանք, բայց եկեք չմոռանանք ինչ տարածաշրջանում ենք ապրում ու ոստիկանությունը ինչ խնդիրներ է լուծում»:

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նույնպես դեմ էր նախագծի այս դրույթին, կարծում է, որ սա կարող է պարալիզացնել ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ողջ ընթացքը:

«Առանց այն էլ մի լավ վիճակ չունենք ոստիկանությունում։ Ես հասկացա, որ հիմքում միջազգային փորձն է, բայց հաշվի առե՞լ եք աշխարհում ոստիկանության աշխատավարձը, նրանց տեխնիկական միջոցները: Սրա նք հետագայում քրգործեր են դառնալու ոստիկանների գլխին, առանց այն էլ այսօր ով մի քիչ լիազորությունները չարաշահում է, քրեական պատասխանատավության է ենթարկվում»:

Սասուն Միքայելյանը հակադարձեց՝ այս դեպքում այլևս չեն կարող ծեծով ցուցմունք կորզել ։ Արմեն Խաչատրյանը սակայն նշեց, որ այսօր ոստիկանությունում խոշտանգումներն ակտուալ չեն, նման խնդիր չկա։ Նրան էլ հակադարձեց Քրիստինե Պողոսյանը․ «2019-ին արդեն մի քանի նման դեպք հրապարակվել է, ու պետք է չէ այդքան վստահ պնդել»։

Ի վերջո, հանձնաժողովականները որոշեցին օպերատիվ տվյալների հարցման ժամանակ տեսախցիկներ չօգտագործել: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ առանց այս փոփոխությունը սահմանող դրույթի։

 

 

Արմինե Գևորգյան