Հայտնի են դարձել Մոսկվայի Յասենևո շրջանում գիշերը հայի գնդակահարության մանրամասները: Սպանվածի ինքնությունը ևս պարզված է:
Սպանության ականատես է դարձել տաքսու վարորդը. տղամարդը հյուր էր եկել իր ընկերոջ մոտ, և կես ժամ անց, երբ պատրաստվում էր աշխատանքի մեկնել, իր մեքենայից ոչ շատ հեռու հայտնաբերել է տղամարդու դի:
Տաքսիստը կայանել է իր մեքենան Լիտվայի պուրակի 11 տան հարևանությամբ ժամը 1:53–ին: Տղամարդը ուշադրություն է դարձրել թեք կայանված մուգ կանաչ ամենագնացին (այն իր մեքենայի դիմացն էր կայանված)։
Այդ մեքենայում տաքսու վարորդը մարդ չի նկատել, շարժիչն անջատած էր, լուսարձակները չէին աշխատում: Սակայն օպերատիվ խմբի աշխատակիցների տվյալներով, հենց այդ մեքենայում էր թաքնվել մարդասպանը:
Տղամարդը նորից է փողոց դուրս եկել 2:30: «Land Rover»-ն արդեն տեղում չէր: Սակայն սև, ամբողջությամբ մգեցված «BMW» 5-ի կողքին նա տեսել է անգիտակից տղամարդուն: Սկզբում տաքսիստը մտածել է, որ ՃՏՊ է տեղի ունեցել: Սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները մարմնի վրա հայտնաբերել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ:
Ամենայն հավանականությամբ, զոհը (արտաքինից նա 30 տարեկան էր) կայանել է «BMW»-ն, դուրս է եկել մեքենայից, և այդ պահին նրան գնադակահարել են (ամենագնացի հետևի ձախ դռան վրա փամփուշտներից մնացած բազմաթիվ անցքեր կային): Ընդ որում, մեքենան գրանցված է 1970 թ.-ին ծնված այլ մարդու անունով: Զոհն իր մոտ չուներ ոչ անձը հաստատող փաստաթուղթ, ոչ վարորդական իրավունք, իսկ հագած էր կաշվե բաճկոն և տաբատ:
Դեպքի վայրից հեռանալիս մարդասպանը դիպել է տաքսիստի մեքենային` կոտրելով մեքենայի լաուսարձակը, վնասելով թևը և բամպերը: Մարդասպանի ավտոմեքենան ևս վնասվել է. ոստիկանները փնտրում են «Land Rover» ամենագնացը` ջարդված հետևի լուսարձակով և մեքենայի թռած նշանով:
Ոստիկանները դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա հայտնաբերել են նաև Կալաշնիկովի հրացան։
Զենքը առանց ձայնամեկուսիչի էր: Անհասկանալի է, թե ինչու շենքերի բնակիչները գիշերային լռության մեջ չեն լսել հրացանի կրակոցները:
Միաժամանակ «ՄԿ»-ն հայտնում է, որ ոստիկաններն արդեն պարզել են սպանվածի ինքնությունը: Նա Հայաստանի քաղաքացի Գեորգ Գ-ն է, ով Մոսկվայի շրջանում զբաղվում էր շինարարական բիզնեսով:
2006 թ.-ի թողարկման «BMW»-ն, որի մոտ իրեն գնդակահարել են, Գեորգը ձեռք է բերել 2014 թ.-ին` վարկով: Ձեռնարկատերը գրանցել է մեքենան իր հեռավոր բարեկամի անունով, ով ևս Հայաստանից է, սակայն արդեն Ռուսաստանի քաղաքացիություն ունի: