Զինծառայողները, ՊԲ-ի կողմից նշանակված տեղի հրամանատարները՝ Շուշիի, մինչև վերջ մարտնչել են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Մնացած ատյաններում, հարթություններում, վարչություններում, թե ինչ է եղել, թող պատասխանեն պատկան մարմինները»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի՝ ռազմագերիների հարցը լուծել չկարողանալուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ դրա պատասխանը պետք է իշխանությունները տան:
«Գտնում եմ, որ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք: Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Կարծում եմ՝ մոսկովյան այցի ընթացքում ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիներին վերադարձնելն էր, որի մասին ֆեյսբուքյան գրառում եմ կատարել, նաև մի քանի հարց ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակում է, որ Ադրբեջանը, ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել ՀՀ իշխանությունների վրա: Դա է պատճառը, որ մենք ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն: Ուրախությամբ չէ, որ ասում եմ, որ մենք պարտվել ենք: Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, և նաև ընդլայնել և մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել: Այդպես շարունակական է լինելու»,–ասաց Սեյրան Օհանյանը:
Ռազմական գործիչն ընդգծում է,որ Ադրբեջանը, ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությամբ շարունակում են գործել Հայաստանի իշխանությունների վրա։ Իսկ ճանապարհների ապաշրջափակման դեպքում այս իրականության մեջ՝ ռազմական հաղթանակի պարագայում թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է և տնտեսական, թե ժողովրդագրական հարձակումը մեր վրա։
Կարսում անցկացվելիք զորավարժություններն էլ Օհանյանը համարում է հոգեբանական ճնշում Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա վրա։ «Գիտե՞ք, այս իրավիճակում, ձախողումները, մեր հետնահանջը շարունակվելու է»,-նշեց նա։
Անդրադառնալով սահմանազատումներին՝ նա ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ պետք է կանգնել այն տեղում, որտեղ ժամանակավոր հրադադար է, որը վերաբերում է և՛ Արցախի հատվածին, և՛ ՀՀ-ի:
«Դեմարկացիա պիտի լինի խաղաղության պայմաններում, հարևան պետության հետ այդ դեպքում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, և այդ ամենը իրականացվի խառը, համատեղ հանձնաժողովի միջոցով: Այստեղ երկու հանգամանք կա: Առաջինը՝ չկան այդ պայմանները, որ մենք հստակ նշենք և չկան այդ սահմանները, որոնք հստակ ընդգծված են: ԽՍՀՄ բազմաթիվ քարտեզներ են ներկայացնում և տարբեր դրություն է այնտեղ, և մենք պիտի հասկանանք այն, որ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, հետագայում դեմարկացիայի ժամանակ դժվար է լինելու նրանց պարտադրել, որ հետ քաշվեն սահմանի այս կամ այն հատվածում»: Լրագրողները հետաքրքրվեցին արդյո՞ք ճիշտ է Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությունը, որ Արցախում Օհանյանի հետ է եղել, վերջնիս պատասխանեց, որ Քյարամյանը ճիշտ է ասել և աշխատանքներ, տարբեր խնդիրներ է կատարել:
«Քյարամյանը ճիշտ է ասում` Շուշիում իրար հետ ենք եղել, և ինչպես ինքը, այնպես էլ ես հրամանատարին ենք աջակցել։ Դեռ ավելին` հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում Քյարամյանը հանդերձավորվել, գնացել է համապատասխան աշխատանքներ անելու։ Մասնավորապես ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների մասով է ինչ–ինչ բաներ արել»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան իր մեքենայով դուրս են եկել և տարբեր խնդիրներ են նորից կատարել։ Իսկ նոյեմբերի 7-ին Քյարամյանն Օհանյանին խնդրել է իրեն Երևան տանել, ինչն էլ արել է Օհանյանը։
Արմինե Գևորգյան