Բավ է պառակտվել
17-08-2015 15:51

«Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջը ծեծի ենթարկելու փաստով հետաքննություն է կատարվում

«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանի առևանգման վերաբերյալ հայտարարության հիման վրա ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։ Ըստ ոստիկանության՝ այդ մասին իրենց մոտ հայտարարություն է տվել Արսեն Ավետիսյանի կինը՝ հայտնելով, որ ամուսնուն առևանգել են։ Այնուհետև թիվ 3 կլինիկական հիվանդանոցից են ահազանգ ստացել Արսեն Ավետիսյանի առողջական վիճակի մասին։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ դեռ հայտնի չէ, նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ երեկ մի քանի լրատվամիջոցներով տարածվեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին: Այդ մասին լրատվամիջոցներին ահազանգել էր Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը: Ըստ այդ կայքերի, Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Տարոն-Ավիա» ընկերությանը ունեցած պարտքերով։ Հրապարակումների համաձայն՝ «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, Նեմեց Ռուբոյի օգնությամբ, փորձել է Ավետիսյանից ստանալ պարտքը: Կինը պատմել է, թե Արսեն Ավետիսյանին սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերը, ապա նրա երեխաները «կվերադարձնեն»:
Ի դեպ, առևանգմանը զուգահեռ տեղեկություններ են շրջանառվում, որ Արսեն Ավետիսյանին ոչ թե առևանգել են, այլ իր ոտքով է գնացել։ Զանգել-խոսել են պարտքի թեմայի շուրջ, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Ֆուտբոլի ֆեդերացիայում, որտեղ էլ զրույցից հետո ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին։