Բավ է պառակտվել
09-12-2019 12:31

“Դիլիջան” ազգային պարկի տնօրենին մեղադրանք է ներկայացվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։

2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ “Գետափ” ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն է հայտնաբերվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է “Դիլիջան” ազգային պարկի տնօրենը։ Առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:
Պարզվել է, որ ազգային պարկի տնօրենը 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:15-ի սահմաններում, “Գետափ” ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։