Բավ է պառակտվել
04-10-2018 15:30

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը Հայաստանում հայտարարվել են ոչ աշխատանքային

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստին որոշում է կայացրել փոփոխություն մտցնել “Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում, որի համաձայն առաջարկվում է ոչ աշխատանքային հայտարարել երկրում 4 և ավելի պետություննների ղեկավարների այցելության օրերը։

Ինչպես նշել է օրինագիծը ներկայացնող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տվյալ որոշումը թույլ կտա ոչ աշխատանքային հայտարարել հոկտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարների գագաթաժողովի օրերը։

“Հայտնի է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մանսակցելու են ավելի քան 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչն աննախադեպ է Հայաստանի համար, և նրանց անվտանգությունն ու տեղաշարժը կազմակերպելու համար անհրաժեշտ է փակել կենտրոնական փողոցները, ինչը կխոչընդոտի քաղաքացիների տեղաշարժը և խցանումներ կառաջացնի մայրաքաղաքի կենտրոնում”,- ասել է Ավինյանը։

Առաջարկվել է ոչ աշխատանքային հայտարարված օրերը փոխարինել հաջորդող շաբաթ օրերով։

Կառավարությունը դիմել է Ազգային ժողովին ուրբաթ օրը, հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով՝ տվյալ որոշումը հաստատելու համար։

Ընդունված որոշման առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկել է օրենքում պետությունների ղեկավարների թվի սահմանափակում չնախատեսել, ընդգծելով, որ Հայաստանում արդեն անց են կացվել ԱՊՀ, ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթաժողովներ, և ոչ մի բարդություն չի առաջացել։

Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է վերանայել որոշման նախագիծը և չսահմանափակել այն պետությունների ղեկավարների թվով կամ առանձին կոնկրետ իրադարձությամբ՝ հնարավորություն տալով կառավարությանը չդիմել խորհրդարան՝ օրենսդրական փոփոխությունների համար։

“Կարելի է օրենքում կառավարության համար հնարավորություն նախատեսել իր հայեցողությամբ ոչ աշխատանքային հայտարարել երկրի կյանքում բացառիկ կամ հատուկ նշանակություն ունեցող որոշ օրեր”,- ասել է Փաշինյանը, նշելով, որ փոփոխությունները կարող են կապված լինել օրինակ՝ սպորտային միջոցառումների, Օլիմպիական խաղերի անցկացման կամ այլնի հետ։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կայանալիք միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 7-ին։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ Հայաստան են ժամանելու ավելի քան 80 երկրի և կազմակերպության պատվիրակություններ, այդ թվում՝ 25 պետության ղեկավարներ։ Այս կապակցությամբ Երևանում տրանսպորտային երթևեկության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտություն է առաջացել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հայաստանի արտաքին գործերի գլխավոր քարտուղար, գագաթաժողովի անցկացման աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը՝ միջոցառումները սկսվում են հոկտեմբերի 7-ին։ Նույն օրը կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի 105-րդ նստաշրջանը, հոկտեմբերի 8-ին ու 9-ին՝ միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ նիստը, հոկտեմբերի 11-ին և 12-ին Կ․Դեմիրճյանի անվամ մարզահամերգային համալիրում կանցնի ՖՄԿ ղեկավարների գագաթաժողովը։

Ֆրանկոֆոնիայի օրերի գագաթնակետը կհանդիսանա Հանրապետության հրապարակում կայանալիք գալ-համերգը։