Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի դիմաց, անցկացվում է հանրահավաք, որի մասնակիցները կամավորական ջոկատներից մեկի անդամներն են, նրանք պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը և սնունդ հասցնել Արցախ։
Մի քանի ցուցարարներ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ և իրենց պահանջները ներկայացրել նրանց։
«Եթե Արցախում ճանապարհը մինչև ժամը 18:00-ն չբացվի, Արցախին սնունդ չմատակարարվի, ապա մենք կբացենք այդ ճանապարհը։ Ես այս պայմանը նշեցի (կառավարությանը, խմբ.) և դուրս եկա», – ասաց «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ պահանջը կատարվի նախանշված ժամկետից շուտ, նա պատասխանեց` այո։
«Այնտեղ` ճանապարհին, մարդիկ ունենք։ Եթե ժամը 18:00-ին սնունդը տեղափոխվի Արցախ, մենք շնորհակալ կլինենք, բայց եթե սնունդ չտեդափոխվեց, ուրեմն նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են լուծել այս հարցը, բայց չեն լուծում, նրանք թուրքեր են և մեր հակառակորդները»,- ասաց նա։
Միաժամանակ Պողոսյանն ասաց, որ պետք է ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի։
Հուլիսի 26-ից ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում, որը գտնվում է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, կանգնած է Հայաստանից Արցախի համար մարդասիրական օգնություններով 21 բեռնատարներից բաղկացած շարասյունը։ Մեքենաները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելել է նրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարության կողմից ուղարկված 19 բեռնատարներին են միացել «Գրանդ Քենդի» ընկերության ևս երկու բեռնատար, որտեղ քաղցրավենիք է` նախատեսված արցախցի փոքրիկների համար։