Բավ է պառակտվել
09-12-2019 15:11

Հայաստանում զինծառայողին ինքնասպանության դրդելու համար առանձին պատիժ կսահմանվի

Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որոնք վերաբերում են զինվորական ծառայության ժամանակ զինվորականների ինքնասպանության խնդրին։

Օրինագծի համահեղինակ, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է վիճակագրություն, որի համաձայն 2018թ․ բանակում գրանցվել է ինքնասպանության 11 դեպք, իսկ 2019թ.՝ արդեն 15։

“Ամենացավալին այն է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հակառակորդի կրակից ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանությունների, ոչ կանոնադրական, սխալ հարաբերությունների, բանակային մշակույթի արդյունքում”,- ասել է նա։

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել 360․1 (Անզգուշությամբ զինծառայողին ինքնասպանության հասցնելը) և 360․2 (Անուղղակի դիտավորությամբ զինծառայողին ինքնասպանության հասցնելը) հոդվածներով։

Այսպես, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ 6-9 տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով:

Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում պատժվում է ազատազրկմամբ՝ 7-13 տարի ժամկետով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում են ազատազրկմամբ 8-14 տարի ժամկետով:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ օրը։