Բավ է պառակտվել
11-11-2016 10:05

Թրաֆիքինգ և նորածին երեխայի վաճառք Հայաստանում (տեսանյութ)

Ոստիկանությունն տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է մարդաորսության կամ ինչպես ընդունված է ասել՝ թրաֆիքինգի դեպք։ Շատ հաճախ այդ վտանգի մեջ հայտնված անձինք լռում են, իսկ պատճառները տարբեր են՝ նյութական կախում, վախ եւ այլն։

Մասնավորապես նշվել է, որ ոստիկանները տեղեկացել են, որ Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդանի մի բնակչուհի: Կինը 5 երեխա ուներ եւ ծանր պայմաններից դրդված անցյալ տարվա դեկտեմբերից ամսական 30 հազար դրամ աշխատավարձով կթվորուհու աշխատանքի էր անցել նշված անասնաֆերմայում:

Ըստ ոստիկանության տեղեկության, անասնաֆերմայի սեփականատերն օգտագործելով կնոջը հատկացված սննդի ուռճացված պարտքի եւ սոցիալական խոցելի վիճակի հանգամանքը, վերցրել էր նրա անձնագիրն ու բռնությամբ ու դրա սպառնալիքով շուրջ 10 ամիս աշխատանքային շահագործման էր ենթարկում կնոջը:

Կինը հրավիրվել է ոստիկանություն: Իրավապահների գործողությունների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) եւ Հրազդանի ոստիկանության բաժնի աշխատակիցները կնոջ հետ մեկնել են անասնաֆերմա, զրուցել սեփականատիրոջ՝ Պռոշյան գյուղի բնակիչ 54-ամյա Արշալույս Պ.-ի հետ:

Նա ոստիկաններին հայտնել է, որ կինն ինքն է ապրելու տեղ ու աշխատանք փնտրել: Ապրելու համար հատկացրել է վագոն-տնակ, բայց կթվորուհու աշխատանքից գլուխ չի հանել: Կինը եղբոր հետ, որ Արշալույսի հովիվն էր, ապրել են նույն տնակում:

Ոստիկանները պարզել են, որ նույն պատրվակով եւ սպառնալիքներով, գումարած անասունների կորստի ուռճացված պարտքը, հովիվը նույնպես աշխատանքային շահագործման է ենթարկվել:

Արշալույսը հայտարարել է, որ անձնագիրը վերցրել է պարտքի դիմաց:

Ոստիկանությունը սակայն բոլորովին այլ փաստ է պարզել, ըստ որի, աշխատանքային շահագործման փաստով տուժող համարվող Սահականույշ Կ.-ն արդեն հայտնվել է կասկածյալի կարգավիճակում: Պարզվել է, որ նա ոչ թե 5, այլ 6 երեխա է ունեցել: 6-րդ երեխային հենց ծննդատանը նյութական շահագրգռությունից ելնելով հանձնել է մի տղամարդու:

«Իմ ծանոթը դիմեց, ասեց՝ եթե դու չես կարողանալու պահես երեխային, որպեսզի չընկնի փողոցները, մանկատան քուչեքը, դառնա բոմժ, խուժանության չգնա, ասեց՝ հորքուրիս տղեն 15 տարի երեխա չունի, բեր տանք իրան: Ես մտածեցի՝ համաձայնեցի»,-ասել է Սահականույշը:

Ոստիկանություն է հրավիրվել միջնորդ կինը, որը երեխայի հայրությունը ճանաչած տղամարդու ազգականն է: Վերջինս ոստիկանությունում ասել է. «Էդ կնոջ հետ խոսել եմ, ասել ա՝ մեծ հաճույքով իմ երեխային կտամ, որ բարեկեցիկ կյանքով ապրի երեխան»: Դրա դիմաց տղամարդն օգնել է, որ Սահականույշն ստանա 6-րդ երեխայի համար նախատեսված 430 հազար դրամ գումարը:

https://www.youtube.com/watch?time_continue=9&v=uPTKsIFV7Xk