Բավ է պառակտվել
20-06-2022 12:49

Երկու մարդ է սպանվել Ապարանում կրակոցների արդյունքում, ձերբակալվել է 32-ամյա տղամարդ (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հունիսի 18-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ։ Խոսակցությանը միջամտել են տեղի մի խումբ բնակիչներ, խոսակցությունը վերածվել է վեճի, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում։

Հաջորդ օրը 32-ամյա մի տղամարդ եղբոր ու մի խումբ անձանց հետ գնացել է Ապարանի գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:

Նույն հարցի շուրջ խոսակցությունը շարունակվել է երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում։ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ՝ վիրավորելով մի քանի հոգու։ Նրանք հոսպիտալացվել են։ Ավելի ուշ Ապարանի բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով տեղափոխված 27-ամյա երկու երիտասարդ մահացել են, ևս հինգը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեկան գործ սպանության և ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու ու պահելու հատկանիշներով։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, միջացառումներ են ձեռնարկվում միջադեպի բոլոր մասնակիցների հայտնաբերման և մանրամասներն, այդ թվում՝ դրդապատճառը պարզելու ուղղությամբ:

Մինչդեռ, ըստ տեղական մի շարք լրատվամիջոցների՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխանական պատգամավորի և տեղի փոխմարզպետի հարազատների ու մի խումբ երիտասարդների միջև, ովքեր «վիրավորական արտահայտություններ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին»։ Նշվում է, որ կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից, կան վիրավորներ և մեկ զոհ։