Բավ է պառակտվել
27-10-2016 10:06

Ահաբեկչություն Հայաստանի Ազգային ժողովում. 17 տարի անց (տեսանյութ)

17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, մի քանի ահաբեկիչներ ներխուժեցին խորհրդարանի շենք և կրակոցներով սպանեցին կառավարության և խորհրդարանի անդամներին:

Ուղիղ 17 տարի առաջ ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեցին ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Հայաստանը հիշում է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերին։ Սգո միջոցառումներն ավանդաբար անցկացվում են խորհրդարանի բակում, ահաբեկչական գործողության զոհերի հուշարձանների մոտ։ Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։ Ցմահ բանտարկության դատապարտվեցին խմբի պարագլուխը` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 2010թ.-ի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության, ահաբեկչության, հատկապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարելու համար։