Բավ է պառակտվել
09-03-2022 14:58

Սպանության երկու փորձ Երևանում՝ մի քանի ժամվա տարբերությամբ (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է Երևանում սպանության փորձ կատարելու երկու դեպքի քննության մասին։

25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվում են 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից, ըստ որի՝ մարմնի տարբեր հատվածներում բազմակի հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել մի երիտասարդ՝ ծնված 1996թ.:

Դեպքի վայրի զննությամբ Զորավար Անդրանիկի փողոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 49-ամյա բնակիչ:

Տեղեկություն է ստացվել, որ ենթադրյալ իրավախախտը մարտի 7-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակ է բացել 49-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի։ Տուժածին ժամանակին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև 6 հատ կրակված պարկուճ, հարցաքննվել են վկաներ։

Երկու դեպքով էլ հարուցվել են քրեական գործեր Քրեական օրենսգրքի սպանության փորձի և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածի հատկանիշներով։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու և իրավախախտների ինքնությունը պարզելու ուղղությամբ։