Բավ է պառակտվել
12-08-2022 22:02

Հայաստանի երկու քաղաքացի կասկածվում են դավաճանության մեջ. նրանք Ադրբեջանից քաղաքացիություն են խնդրել

Հայաստանում երկու քաղաքացի կասկածվում են լրտեսության և դավաճանության մեջ. ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ ԱԱԾ-ն տիրապետում են տեղեկությունների, որ այդ անձինք հավաքագրվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։

Հայաստանի գլխավոր դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Վ.Գ. 2017 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից և իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան հետ։ 2022 թվականի հունիսի 7-ին նա Բագրատաշեն» սահմանային անցակետով հեռացել է Հայաստանից, իսկ օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն:

«Այդ կերպ, ենթադրաբար, տեղի է ունեցել պետական ​​դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», - ասել են գլխավոր դատախազությունից։

Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ստացվել է պատշաճ հաղորդում՝ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները

Ի․Վ․-ն խնդրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահին իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ «բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո»:

«Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության», - ասել են Հայաստանի գլխավոր դատախազությունից:

Մամլո տեղեկատվության հանաձայն՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում օգոտոսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: