Բավ է պառակտվել
17-09-2014 15:12

ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը /Շվեյցարիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Թունկայ Շեվինը /Թուրքիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: