Բավ է պառակտվել
06-11-2019 14:44

«Արայիկ Հարությունյանի միակ վաստակն այս պահին Գյումրի-Երևան ավտոճանապարհն անցնելն է ոտքով». Բողոքի ԵՊՀ ֊ում

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:
«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում, որովհետև հայոց լեզուն ոչ մեկ չի բերել իրենց տանից, նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ», - լրագրողների հետ զրույցում սսաց ուսանողներից մեկը։
«Արայիկ Հարությունյանի այն դիրքորոշումներին, որոնք, առհասարակ, կրթությանն է վերաբերում, շատ դժգոհ եմ, որովհետև կրթությունն ամենաթողության է մատնված, մայր բուհը, ես չեմ կարծում, որ կառավարության մեծ ուշադրության կենտրոնում է», - լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Ուսանողներից մեկն էլ նկատեց,որ եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում:
« Նախարարն ասում է մենք դպրոցներում ուսուցման մակարդակը կփոխենք, հա, թող փոխի, բայց ե՞րբ է փոխելու, էն մեկը չարած մյուսն է անում», - ասաց ուսանողը։
Նրանցից մեկն էլ նշեց,որ եթե էսպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայելով եկել է, այդպես էլ քայլելով պետք է հետ գնա։ Արայիկ Հարությունյանի միակ վաստակն այս պահին Գյումրի-Երևան ավտոճանապարհն անցնելն է ոտքով», - ասաց նա։
Իսկ ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի խոսքով ՝ մարդիկ հեղափոխությունից հետո, ըստ ամենայնի, քնել են.
«Ես ուրախ եմ, որ մեր ուսանողներն արթուն են, մեզ թմրախտ է պատել: Մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք, հեղափոխությունը շատ ավելի մեծ խնդիրների համախումբ է բարձրացրել: Բողոքը միշտ ծնվում է տեղային։ «Քաղաքացիական պայմանագիրը» սկսեց փոքր քայլերով, հետո նրան միացավ ժողովուրդը: Մեր ավագ դասախոսները պատմում են, որ համալսարանից վախենում էր ԽՄԿ կենտկոմը: Նրանց քարտուղարները սարսափով էին գալիս համալսարան: Բացե՛ք, պատմությունը նայեք, ուսանողները շարժիչ ուժ են»,֊ասաց Նարինե Դիլբարյանը:
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը ճիշտ է համարում, որ ուսանողները դասադուլ են հայտարարել:
«Կարծում եմ՝ կառավարությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի, որ քաղաքականությունը տանի մեր ազգային, մշակութային արժեքները պահպանելուն։ Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է», - ասաց Արշալույս Գալստյանը։

 

Արմինե Գևորգյան