23-09-2018 11:38

Կարինե Դանիելյան․”Քաղաքի կենտրոնն իրոք գտնվում է բնապահպանական աղետի եզրին”

Քաղաքաշինությունից զատ՝ բնապահպանությունը Երևանի բնակիչներից յուրաքանչյուրին հուզող առաջնային խնդիրներից մեկն է։ Քաղաքաշինության բազմաթիվ թերհաշվարկների և կանաչ գոտիների կրճատման հետևանքով Երևանի էկոլոգիական իրավիճակն այսօր անմխիթար վիճակում է, ուստի այդ ուղղությամբ նորընտիր քաղաքապետի որոշումներից շատ բան է կախված լինելու։ Թեկնածուների բնապահպանական ծրագրերի մասին Gisher.news-ը զրուցել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի հետ։

Կարինե, Դուք ծանո՞թ եք նախընտրական ծրագրերին։

Այո, և ինձ դուր է գալիս, որ նրանք բալորը խոսում են քաղաքում կանաչ գոտիների պակասի մասին, չնայած, հասկանալի է, որ յուրաքանչյուր թեկնածու իր սեփական տեսլականն ունի։ Միակ հարցը, որի մասին չի ասվում քաղաքապետի և ոչ մի թեկնածուի ծրագրում՝ ուղղահայաց կանաչապատումն է։ Այսօր աշխարհի շատ քաղաքներ են այս մեթոդը կիրառում։ Հեռու պետք չէ գնալ․հարևան Թբիլիսիում շենքերից շատերի պատերը ծածկված են փաթաթվող խաղողով։ Կանաչապատման այս մեթոդը շատ հարմար է քաղաքի պայմաններում, քանի որ լրացուցիչ տարածքներ չի պահանջում։ Այն միշտ չէ, որ դուր է գալիս ճարտարապետներին, քանի որ թաքցնում է իրենց ստեղծագործության գեղեցկությունը, սակայն էկոլոգիապես շատ շահավետ է։

Արդյո՞ք ծրագրերում այլ բաց թողնված կարևոր հարցեր կան

Ցավոք, ոչ ոք չի նշել, որ Նուբարաշենը ոչ միայն կենցաղային թափոնների աղբանոց է, այլև թունավոր թափոնների գերեզմանոց, որը սանիտարական որևէ չափանիշի չի համապատասխանում։ Այն շատ վտանգավոր է Երևանի և, մասնավորապես, ստորգետնյա ջրային ռեսուրսների համար։ Ներկայումս, իհարկե, այդ թափոնների վնասազերծման ծրագիր է մշակվում, և հուսով եմ՝ այն կաշխատի։ Քաղաքը պաշտպանված չէ սելավներից։ Մենք մոռանում ենք, որ 40-ականների վերջին, 50-ականների սկզբին մեծ սելավ էր եղել ջրհեղեղի հետ միասին, քաղաքը պարբերաբար տուժում էր ոչ մեծ սելավներից։ Մեզ մոտ հիմնական սելավատարեր էին Գետառ, Հրազդան և Ջրվեժ գետերը։ Քաղաքի հյուսիսային մասում սելավների երկու կարգավորիչ էին կառուցել, որոնք պետք է ընդունեին այդ սելավաջրերը և աստիճանաբար դրանք բաց թողնեին Գետառ և մասամբ՝ Հրազդան, սակայն այժմ այդ տարածքները կառուցապատվել են։ Ես բազմիցս ասել եմ, որ մոլորակը փորձում էր դաստիարակել մարդկությանը, ինչը, ցավոք՝ տեղի չունեցավ և այժմ այն մեզ պատժում ու մերժում է։
Անկախության տարիներին քաղաքաշինության մեջ բացարձակապես հաշվի չեն առնվել սեյսմիկ և բնապահպանական ռիսկերը, և այդ մասին խոսում են բոլոր թեկնածուները։ Քաղաքը, մանավանդ կենտրոնը, շատ խիտ է կառուցապատված, ինչը մեծացնում է բնապահպանական ռիսկերը։ Քաղաքի կենտրոնում նորմայից բարձր ռադիոակտիվ ֆոնը խիտ կառուցապատման հետևանք է․չէ՞ որ ցանկացած շինանյութ իր ռադիոակտիվության մակարդակն ունի և այդ գերխտության պայմաններում, ինչպես օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, այն ավելի է մեծանում։ Օդային ավազանը չի օդափոխվում և կուտակվում է` ցածր ռադիոակտիվ ֆոնով, ինչի հետևանքով մենք բացասական արդյունք ենք ստանում։

Թեկնածուներից յուրաքանչյուրը խոսում է քաղաքում կանաչ տարածքների ավելացման մասին։ Եթե ենթադրենք, որ նոր քաղաքապետը կկատարի իր խոստումները, որքա՞ն ժամանակ անց մենք կարող ենք դրական փոփոխություններ նկատել

Առնվազն մի քանի տարի է անհրաժեշտ և դա այդ պրոցեսի միայն սկիզբը կլինի։ Հասկացե՛ք, դրանք տնկիներ են, նրանք խնամք են պահանջում։ Օղակաձև զբոսայգում տարածքներ կան, որոնց մասին ես միշտ խոսել եմ, որոնք ակնհայտորեն նախապատրաստված են և այնտեղ կարելի է կանաչ գոտի ստեղծել․ օրինակ՝ Սայաթ Նովա - Խանջյան փողոցների խաչմերուկում։ Մենք մի քանի անգամ տնկիներ ենք տնկել, սակայն խնամքի բացակայության պատճառով դրանք չորացել են։ Անհրաժեշտ է հասկանալ, որ ծառերը մշտական խնամք են պահանջում, առավել ևս՝ մեր կլիմայական պայմաններում։ Մեզ հաճախ հակաճառում են․որտե՞ղ տնկել։ Մենք մեժ քանակությամբ տարածքներ ունենք, որոնք կարելի է օգտագործել։

Կմանրամասնե՞ք, որոնք են այդ տարածքները

Եթե հին շենքերը, Կոնդն՝ օրինակ, քանդվեն, ապա այդ տարածքները բարձրահարկ շենքերով կառուցապատելու փոխարեն անհրաժեշտ է կանաչապատման համար հատկացնել։ Եթե կենտրոնում որևէ տարածք է ազատվում՝ այն պետք է միայն կանաչապատվի, քանի որ քաղաքի կենտրոնն իրոք բնապահպանական աղետի եզրին է կանգնած։ Բացի այդ, քաղաքի կենտրոնական փողոցներում մարգախոտ է ցանված և հանկարծ այն ընդհատվում է, քանի որ դիմացը մեծ խանութ է, կամ բանկ և այլն։ Ես հետաքրքրվել եմ քաղաքապետարանում․ “արդյո՞ք այդ հաստատությունների սեփականատերերը մարգախոտերը վերացնելու և դրանք ավտոկայանատեղերի վերածելու թույլտվություն ունեն”։ Ինձ միշտ բացասական պատասխան են տվել։ Բայց իրական պատկերն այլ է։ Ես հասականում եմ, որ ավտոկայանատեղերն իրոք անհրաժեշտ են, ոչինչ չես կարող անել, սակայն հնարավոր է միայն ծառեր տնկել: Բացի այդ, ապացուցված է, որ մարդը հոգեբանորեն տառապում է, եթե չի շփվում բնության հետ, մենք նաև բոբիկ ոտքերով հողի հետ շփվելու կարքի ունենք։

Ուրիշ ի՞նչ սպառնալիքներ գոյություն ունեն

Առաջին հերթին դա օդային ավազանի վիճակն է, չնայած պաշտոնական տվյալներով այն առանձնապես աղտոտված չէ։ Փոշով աղտոտվածությունը շատ վտանգավոր է․ կան գիտական հոդվածներ, որոնք ապացուցում են, որ այդ փոշին ծանր մետաղներ է պարունակում և հարուստ է օզոնով, ինչը քաղաքում ֆոտքիմիական թունամշուշի առկայության մասին է խոսում։ Թեկնածուներից ոչ մեկը չի ասել, որտեղի՞ց է այդ փոշին։

Իսկ որտեղի՞ց է այն։

Չնայած այն բանի, որ ծանր 90-ականներից հետո քաղաքը շրջապատող բլուրների լանջերը կորցրել էին իրենց կանաչ ծածկը՝ այնտեղ անտառի ինքնավերականգնման պրոցես է սկսվել։ Սակայն կառավարությունը կառուցապատման համար օլիգարխներին տարածքներ է հատկացրել, ինչպես օրինակ՝ Մոնումենտից մինչև Սարի թաղ, ինչի արդյունքում ծառերը ոչնչացան, և փոշին սկսեց քաղաք մտնել։ Բացի այդ, քաղաքի անմիջական հարևանությամբ 29 հանքավայր է գործում, փառք Աստծո, այնտեղ ոչ թե մետաղ, այլ ավազ և քար է արդյունահանվում։ Իսկ մեկ հանքավայրն էլ գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Երտասարդական պալատի տեղում։ Կարծում եմ, երբ ձևավորվի ավագանու խորհուրդը՝ մենք այդ հարցերը նրանց քննարկմանը կներկայացնենք։

Յուրաքանչյուր թեկնածու մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների իր նորմատիվներն է նշում, արդյոք Դուք ունե՞ք ճշգրիտ թվեր։

Դրանք տարբեր թվեր են, գոյություն ունեն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ և կանաչ տարածքներ ընդհանրապես։ Գնահատումից շատ բան է կախված․ օրնակ՝ կենտրոնը համարվում է ամենականաչապատվածը, քանի որ Հրազդանի կիրճի տարածքը կենտրոն շրջանի կազմում է և այն ամբողջապես կանաչապատ է։ Ըստ 1971թ․ ընդունված գլխավոր հատակագծի՝ 2000 թվականին մեկ բնակչին պետք է 21,1 ք․մ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք հասներ, 81 թ-ին այն իջավ մինչև 12ք․մ, 91-ին՝ 9,5, իսկ այժմ ասում են, որ մենք գրեթե 20ք․մ-ի ենք հասել, ինչն, իհարկե, այդպես չէ։

Էկոլոգիայի վրա ազդեցություն ունեցող գարծոններից մեկն էլ աղբհանության մշակույթն է․․․

Ես մեկ տարի աշխատել եմ քաղաքապետարանում և փորձում էի դիֆերենցացված աղբահանում կազմակերպել, սակայն դա 90-ականներն էին, և բնակչությունը պատրաստ չէր դրան։ Անցյալ տարի ես մեր ուսանողներին խնդրեցի հեռախոսային հարցում անցկացնել՝ Երևանում և շրջաններում արձագանքը ստուգելու նպատակով։ Երևանի բնակիչների 98%-ը ասաց, որ վաղուց էր պետք սկսել, իսկ շրջաններում մեծամասնությունը դեմ էր։ Սակայն անշուշտ, որպեազի դա աշխատի՝ համապատասխան հզորություններ են անհրաժեշտ։

Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք նոր քաղաքապետը պետք է առաջին հերթին լուծի։

Մշակվել էր “Քաղաքի կենտրոնի կառուցապատման” օրենքի նախագիծ, որը այդպես էլ խորհրդարանից դուրս չեկավ, քանի որ շատերն այնտեղ այդ տներից գումարներ էին վաստակում։ Ակնպես որ, առաջին հերթին անհրաժեշտ է ընդունել այդ օրենքը․ մենք մոռացել ենք քաղաքի շահերի մասին։ Անհրաժեշտ է վերանայել սեփական վերաբերմունքը, քանի որ մենք մշտական կոնֆլիկտի մեջ էինք ճարտարապետների հետ․ նրանք ասում էին, որ ամեն ինչ կարգին է, իսկ մենք ասում էինք, որ նրանք կործանում են քաղաքը։
Մենք պնդում ենք նաև, որ վնաս է հասցված ոչ միայն էկոլոգիային, այլ նաև քաղաքի ճարտարապետական ժառանգությանը, պատմական հուշարձաններին։ Խոսում ենք 2800 տարեկան Երևանի մասին, բայց հարյուրամյա շենքերը կարելի է մատների վրա հաշվել։ Շատերը դեմ են “Հին Երևան” նախագծին, սակայն ես կարծում եմ, որ այն անհրաժեշտ է վերականգնել։ Անհրաժեշտ է դադարեցնել խիտ կառուցապատումը՝ սեյսմիկ ռիսկերը նվազեցնելու և սելավներից քաղաքի պաշտպանվածությունը մեծացնելու նպատակով։ Ներկայումս UNDP-ն քննարկում է՝ ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։ Անհրաժեշտ է առնվազն սելավաջրերի ընդունիչներ կառուցել քաղաքի այն հատվածներում, որտեղ սելավների հավանականությունը մեծ է։ Գետառի փակմանը կողմնակից ճարտարապետներն ինձ միշտ ասում են, որ սխալ եմ, և Գետառը կապ չունի։ Ցամաքուրդային (դրենաժային) ամբողջ համակարգը մտածված էր, և նախկինում քաղաքաշինարարները հաշվի էին առնում հոսանքների մասին այդ տվյալներ, իսկ այժմ՝ ոչ։ Այս բոլոր հարցերը պետք է վերանայվեն, և, իհարկե, չի կարելի մոռանալ կանաչապատման մասին՝ հաշվի առնելով ոռոգման խնդիրը, քանի որ ոռոգման համակարգն ամենուրեք չէ, որ գոյություն ունի։ Եվ գլխավորը՝ միշտ հիշել, որ ջուրը չի կարելի վատնել։

 

Արմինե Ահարոնյան