Բավ է պառակտվել
30-03-2020 19:33

Կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտների աշխատակիցները օժանդակություն կստանան

Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։
«Սա չի վերաբերում մանրածախ առևտրին, որտեղ առևտրի մեջ կա դեղորայք, սնունդ, ալկոհոլային խմիչք և ծխախոտ, –ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյան:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հավելեց, որ նշված ոլորտների վարձու աշխատողները հունվար և փետրվարին իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով կստանան աջակցություն՝ ոչ պակաս, քան 68.000 դրամը, և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136.000 դրամը: «Եթե վերջին երկու ամիսների միջին աշխատավարձն ավելի պակաս կլինի, քան նվազագույն աշխատավարձը, ապա կստանան իրենց վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար: Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանվել է աջակցություն: Նրանց 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կհատկացվի, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը, և ոչ ավել, քան 136.000 դրամը»,- նշեց նա:

Մեկ այլ ծրագրով էլ առաջարկվում է 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձևով աջակցություն տրամադրել աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, և որի ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

 

 

Արմինե Գևորգյան