Բավ է պառակտվել
11-10-2019 12:23

“Հայաստան” համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը կալանավորվել է

“Հայաստան” համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին Հայաստանի ՔՕ 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ավելի վաղ ներկայացված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։

Ինչպես տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայության մամլո կենտրոնը, հոկտեմբերի 8-ին նրան ներկայացվել է մեղադրանք Հայաստանի ՔՕ 214-րդ հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնեը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապեշ խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով։

Նշվել է, որ մեղադրանքը փոփոխվել է և լրացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեկան գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ։

Համաձայն փաստական տվյալների, Վարդանյանը, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:

“Հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, մեղադրյալի նկատմամբ նախկինում որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը”,- նշվել է հաղորդագրությունում։

“Հայաստան” համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել 2018թ․հուլիսի 2-ին ԱԱԾ-ի օպերատիվ տվյալների հիման վրա՝ միջոցների յուրացման և հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունների չարաշահման կասկածանքով։ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

“Հայաստան” համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով, որպես իր տեսակի մեջ միակ կազմակերպություն, որը կոչված է համախմբել աշխարհասփյուռ հայությանը, համախոհներին, ովքեր պատրաստ են իրենց ջանքերը ներդնել Հայաստանի Հանրապետության և Արցախի երիտասարդ հանրապետության կայուն զարգացման գործում:

Հիմնադրամի միջոցները ձևավորվում են տարբեր երկրներում անցկացվող ամենամյա բարեգործական հեռուստա և ռադիոմարաթոնների միջոցով, ինչպես նաև բարեգործական ընթրիքներից, համերգներից և ցուցահանդեսներից ստացված միջոցների հաշվին: Միջոցները հավաքագրվում են փոստային և SMS փոխանցումների, ինչպես նաև հիմնադրամին օգտին արված կտակների ու նպատակային ներդրումների միջոցով: