Ազգային ժողովում այսօր լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզո՞ւմ են հայտարարելու, Սասուն Խաչատրյանն էլ պատասխանեց. «Կգործենք ըստ օրենքի»։
Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական, որ Կոստանյանը կներկայանա ՀՔԾ, Խաչատրյանը պատասխանեց հարցով.
«Դուք իրատեսակա՞ն եք համարում 48 ժամվա մեջ Մոսկվայից գալ Երևան»:
Նա նշեց՝ չի կարող մեկնաբանել Գևորգ Կոստանյանի ասածները:
Դիտարկմանը, թե Կոստանյանն ասել է՝ երբ դասերն ավարտի, կգա, ՀՔԾ պետն արձագանքեց. «Անձը մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունը անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»:
Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ արհեստականություն»:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։
Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հե՞տ, ՀՔԾ պետն ասաց՝ այո։
Ավելի վաղ ՀՔԾ պետը հայտնել էր, որ Երևանում 2008թ մարտի 1-2 իրադարձությունների հետ կապված Կոստանյանը խոստացել է նոյեմբերին ներկայանալ ՀՔԾ։
2008թ․մարտի 12-ի գործի շրջանակներում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, այդ իրադարձություններից հետո այն ժամանակ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Կոստանյանը և Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Մհերյանը (2008 թ. հուլիսի 2-ից) նախնական համաձայնությամբ գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորություններն առանձնապես ծանր հանցագործության գործիքները, միջոցներն ու հետևանքները պարտակելու նպատակով։
2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայկական ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ: