Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է բարձրաստիճան զինվորականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետին պետական գաղտնիքների բացահայտման գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Խոսքը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մասին է (նախկինում նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն - խմբ.), ով 2020 թ. նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հրապարակեց նախկինում անհայտ տեղեկություններ Արցախյան պատերազմի ընթացքում հայկական զորքերի գործողությունների մասին:
ԱԱԾ մամլո ծառայության հաղորդագրության՝ քրեական գործով կատարված բազմակողմանի, օբեկտիվ և լրիվ քննության պայմաններում հիմնավորվել է, որ Հակոբյանը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Հակոբյանը պետական գաղտնիք հրապարակելու գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց (որը չի նշվում - խմբ.):
Հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: