Բավ է պառակտվել
27-08-2019 16:17

Խուզարկությունից հետո Հայաստանի ֆինանսների նախկին նախարարը բերման կենթարկվի ԱԱԾ ․Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություն է իրականացնում ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը և տարածքներում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։

“Քննչական դեպարտամենտի աշխատակիցներն առավոտից իրականացնում են քննչական գործողություններ, խուզարկությունն իրականացվում է ոչ միայն Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, տարածքներում, այլև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում: Խուզարկությունը դեռևս շարունակվում է, որից հետո նա բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն, իսկ քննչական դեպարտամենտը կառաջադրի մեղադրանք”, - ասել է նա։

Ըստ Վանեցյանի, քննչական գործողություններն իրականացվում են քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Խաչատրյանի՝ որպես նախարար և ՊԵԿ ղեկավար պաշտոնավարման տարիներին խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։

“Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, նաև կլրացվի այլ հոդվածներով (Քրեական օրենսգրքի՝ խմբ)։ Դա քնչչական դեպարտամենտի իրավասությունն է, որը կիրականացնեն դրա աշխատակիցներն”,-ասել է նա, տեղեկացնելով, որ ներկայումս խոսքը գնում է մի քանի միլիոն դոլար վատնումների մասին։

Վանեցյանն ընդգծել է, որ խուզարկության ընթացքի մասին տեղեկություններն այս պահին հանդիսանում են հետաքննության գաղտնիք, ձեռնպահ մնալով մանրամասներ ներկայացնելուց։

“Երբ ժամանակը գա՝ կհրապարակվի”,-հավելել է նա։

Պատասխանելով լրագրողների հարցին, ինչու՞ ԱԱԾ-ն չի ձեռնարկել քննչական գործողություններ ավելի վաղ՝ հիմնվելով լրատվամիջոցների հրապարակումների վրա, գերատեսչության ղեկավարն ասել է, որ հավաքվում էին անհրաժեշտ տեղեկություններ և ապացույցներ, որոնք և պատճառ հանդիսացան խուզարկության և Խաչատրյանին բերման ենթարկելու համար։

“Եթե մենք չունենայինք ապացույցներ, խուզարկություն չէր արվի, անկախ այն բանից, ում մասին է խոսքը”,- նշել է նա։

Ինչպես տեղեկացրել է Վանեցյանը, բացի Խաչատրյանի բնակության վայրից, քննչական գործողություններ են իրականացվում նաև նրա բարեկամի, հարկային վարչության նախկին աշխատակից Կարեն Խաչատրյանի մոտ։

“Կարեն Խաչատրյանն, ինչպես և այն բոլոր անձինք, ում մոտ խուզարկություն է ընթանում, մինչև օրվա վերջ բերման կենթարկվեն”,-հայտնել է նա։