Բավ է պառակտվել
07-02-2023 12:13

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է զորամասերի հողատարածքների ապօրինի վաճառքի մեջ

Հայաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանում նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու հարցը։ Նա կասկածվում է զորամասերի հողատարածքներն ապօրինի վաճառելու մեջ։

Այս հարցը քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի այսօրվա նիստում։ Ըստ գլխավոր դատախազ Աննա Վարադապետյանի՝ ներկայացված միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են, ուստի քննարկումն ընթանում է դռնփակ։

Ինչպես խորհրդարանում հայտնեց Վարդապետյանը, 2005-ին և 2009-ին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Արարատի մարզում գտնվող զորամասերի երկու հողատարածք էժան գնով ապօրինի օտարվել են։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ առաջին հողատարածքը 2005 թվականին վաճառվել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, սակայն գրանցված է Էդգար Արշակյանի անունով։ Նրա խոսքով՝ այդ տարածքում տեղակայված է ռազմական ենթակառուցվածք, մասնավորապես՝ շտաբ, զինանոց և խոհանոց։

Վարդապետյանի խոսքով՝ օտարված հողամասի կադաստրային արժեքը կազմում է 2,7 մլն դրամ (մոտ 6,8 հազար դոլար), այնտեղ գտնվող շինությունները՝ 8,9 մլն դրամ, իսկ դրանք վաճառվել են 4 մլն դրամով։ Նա նշեց, որ հետագայում այդ հողակտորները Խաչատուրովը գրավադրել է բանկում 18 մլն դրամով։

Երկրորդ հողամասը ապօրինի օտարվել է 2009 թվականին և վաճառվել Նորայր Կարապետյանին։ Օտարված հողամասի կադաստրային արժեքը 1,9 մլն դրամ է, այնտեղ գտնվող շինությունները՝ 5,6 մլն դրամ, վաճառվել են 2,5 մլն դրամով։

Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2016 թվականներին։