Բավ է պառակտվել
27-03-2019 18:43

Փորձագետը պատմել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի պատճառների մասին (Տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապված է ադրբեջանական կողմի՝ ինժեներա-շինարարական աշխատանքների ընթացքում իր դիրքերը բարելավելու փորձի հետ, չորեքշաբթի մամլո ասուլիսում ասել է ադրբեջանագետ, Razm.info ռազմավերլուծական մասնագիտացված ռեսուրսի աշխատակից Տարոն Հովհաննիսյանը։

Նախօրեին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Բերդավան գյուցի մերձակայքում։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
“2018 թվականի հոկտեմբերից Հայաստանի հետ սահմանում գործարկվել են Ադրբեջանի սահմանային ծառայության ստորաբաժանումներ, որոնք սկսել են ինժեներա-շինարարական աշխատանքներ իրականացնել պետական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանական կողմը ցանկանում էր օգտվել շինարարական աշխատանքներից և բարելավել իր դիրքերը Բերդավան հայկական գյուղի դիմաց միջդիրքային տարածքի հաշվին, սակայն կանգնեցվել է, ինչի պատճառով էլ փոխհրաձգություն է սկսվել”,– ասել է Հովհաննիսյանը, ընդգծելով, որ հնարավոր էսկալացիայի մասին խոսակցությունների առիթ չկա։
Ըստ նրա, Ադրբեջանն արդեն խոստովանել է կատարված միջադեպը, սակայն փորձել է մեղադրել հայկական կողմը փոխհրաձգության համար։
“Ադրբեջանական կողմն, ինչպես միշտ, ցանկանում է դիվիդենդներ ստանալ սահմանում կատարվող ցանկացած միջադեպից, հատկապես՝ երկու երկրների առաջնորդների կարևոր հնարավոր հանդիպումներից առաջ։ Չեմ կարծում, որ դա նրանց վերջին փորձն է լինելու, քանի որ ինժեներական աշխատանքները շարունակվում են”,– ասել է նա։

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ, մարտի 29-ին Վիենայում կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Բացի այդ, նշել է փորձագետը, ադրբեջանական իշխանությունների համար կարևոր է մշտապես լարվածության մեջ պահել իր հասարակությունը և նման միջադեպերի օգնությամբ հոգեբանական ճնշում գործադրել նաև հայ հասարակության վրա։