Բավ է պառակտվել
10-07-2019 13:17

Երևանում խոշոր էլեկտրական վթար է եղել

Երեւանի տարբեր հատվածներում այսօր՝ հուլիսի 10-ին 12։30-ից սկսած համատարած հոսանքազրկումներ են գրանցվել ու հոսանքի տատանումներ: Խափանումներով է աշխատել նաեւ հեռախոսակապը եւ ինտերնետ ապահովումը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց՝, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են. էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։
Հրազդան ջերմաէլեկտրակայանի պատասխանատուներն էլ փոխանցեցին, որ վթարը Հրազդանի 5-րդ բլոկում չէ, քանի որ այն մինչ այս վթարը չի աշխատել:
Երևան ՋԷԿ-ից նույնպես սպառիչ պատասխան չեն տվել վթարի պատճառների մասին՝ նշելով, որ դրանք ճշտվում են:
Հոսանքազրկման հետևանքով Երևանում համատարած խցանումներ են առաջացել: Չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են: Ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է, որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում:
Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Մետրոպոլիտենից հայտնում են, որ տարհանվել է 12 հազար քաղաքացի: Հնարավոր է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրը վերականգնվի ժամը 19:00-20:00-ին:
Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում, որ քաղաքի տարբեր հատվածներում հոսանքի տատանումներից վնասվել են էլեկտրական սարքեր, այդ թվում համակարգիչները: 


Արմինե Գևորգյան