Բավ է պառակտվել
30-01-2023 11:48

Երևանը խորապես անհանգստացած է Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Վահան Հունանյանը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների նկատմամբ բռնությունների առնչությամբ։

«Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– գրել է Հունանյանը Twitter-ի իր միկրոբլոգում։

Արմատականների հարձակումների ալիք Իսրայելի հայերի վրա

Իսրայելում վերջերս նկատվում է ազգայնականության անհանգստացնող միտում երկրում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Իսրայելի հայկական մշակույթի և կրթության «Նոյյան Տապան» կենտրոնը նշում է, որ Երուսաղեմի հայկական թաղամասում կամ նրա շրջակայքում պարբերաբար տեղի են ունենում հայերի նկատմամբ բռնության դեպքեր։ Դրանց թվում են ֆիզիկական բռնությունները և խաչի վրա թքելը հայ հոգևորականների երթի ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների համազգեստով անձանց կողմից, Երուսաղեմի «Սուրբ Հակոբ» հայկական վանքի պատերին վիրավորական գրությունները․ «Մահ հայերին, մահ արաբներին, մահ քրիստոնյաներին», մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված ծեծկռտուքը Երուսաղեմի քրիստոնեական թաղամասի հայկական ռեստորանում։

Երուսաղեմի հայ համայնքի տարածած հայտարարության մեջ խոսվում է նաև իսրայելահայերի և նրանց ունեցվածքի վրա արմատականների հարձակումների աճի մասին։ Նշվում է, որ հունվարի 28-ին՝ կեսգիշերին մոտ, մոտ 20 հրեա երիտասարդ փայտերով և գազային ատրճանակներով հարձակվել են հիշատակի միջոցառումից հետո հայկական վանքից դուրս եկող հայերի թափորի վրա։ Նրանց են միացել զինվորները և ծեծի ենթարկել հայ երիտասարդին։

Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի ոստիկանությունը փաստացի անտեսում է հայ կրոնական համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումների փաստերը և կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել վանդալիզմի այս դրսևորումները դադարեցնելու համար։