Բավ է պառակտվել
09-10-2021 18:43

Երևանը նշում է քաղաքի օրն առանց տոնական միջոցառումների

Հայաստանի մայրաքաղաք Երևանը շաբաթ օրը նշում է Քաղաքի օրը, սակայն տոնական միջոցառումներ այս տարի չեն անցկացվի։

«Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երևանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաև Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին»,- գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ, մայրաքաղաի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ 2021թ․ քաղաքային բյուջեով «Էրեբունի-Երևան» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին:

Հանրային հեռուստաընկերությունը և «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:

Բնակարանները կառուցվելու են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի վերջից։