Հայաստանում հարուցվել է քրեական գործ ադրբեջանական զինուժի կողմից Գեղարքունիքում հայկական սահմանապահ դիրքերի վրա հարձակման դեպքի առթիվ, հաղորդում է հանրապետության քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ։ Նրանք հրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը։ Սրա հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայող, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ կատարելու, ինչպես նաև ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթովերկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորության դեպքի առթիվ։ Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ։ Ձեռնարկվում է նախաքննություն:
Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03: 40-ի սահմաններում, գրոհել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերն առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, Հայաստանի զինված ուժերը պաշտպանել են իրենց դիրքերը` թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը: Պաշտպանության նախարարության տվյալներով ՝ հայկական կողմն ունի երեք զոհ և երեք վիրավոր: Ժամը 09:20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները, կրելով կորուստներ, ետ են շպրտվել ելման դիրքեր: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերականգնման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է։